ՀՀ պաշտպանության նախարարը պատերազմի վերսկսման վտանգ չի տեսնում

Առաջին գծում հայկական զինված ուժերը միշտ եղել են պարտադրողի եւ պատժողի դերում: Դիվերսիոն գործողություններին տրվել է համարժեք պատասխան, սահմանին իրադրությունը վերահսկելի է: Այս մասին հունվարի 24-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերվանից սկսված կրկահերթերը պայմանավորված են Ադրբեջանի տոնացույցում «սեւ հունվարի» գոյությամբ:

«Մինչդեռ սեւ օրեր եւ ցեղասպանություն հունվարի 20-ից առաջ եւ հետո ադրբեջանցիներն իրականացրել են հայ ժողովրդի նկատմամբ: Կատարվածին հակահարված տրվել է, հայկական զինուժը պատասխանում է միայն կանոնավոր կրակոցներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարար Օհանյանը` հավելելով, որ այս պահին պատերազմի վերսկսման վտանգ գոյություն չունի, քանի որ հայկական զինված ուժերը սահմանին կանգնած են խաղաղության հաստատման համար եւ լավագույնս իրականացնում են այդ առաքելությունը: Բացի դրանից, միջազգային կառույցների հետ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է բանակցություններ, որպեսզի խուսափեն պատերազմից, եւ երկրում լինի խաղաղություն:

Հայկական զանված ուժերը հայտարարել են, որ առաջին գծում պատրաստ են իրականացնել համապատախան հետաքննություն:

«Ադրբեջանի ղեկավարությունը չի համաձայնել, սակայն մենք միակողմանի իրականացնում ենք հետաքննություն եւ իրեղեն ապացույցները ներկայացնելու ենք հանրությանը»,-ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարարը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների կողմից չհնչող քննադատություններին, նախարարն ասաց, որ նրանց գործունեության շնորհիվ է, որ այսօր ապահովվում է թեկուզ հարաբերական խաղաղություն եւ նրանց հավասարակշիռ մոտեցման արդյունքն է, որ սահմանին լարվածությունը չի հասել գագաթնակետին:

Ադրբեջանական զինուժը հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցներն ինտենսիվացրել է վերջին օրերին: Նրանք հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը (հենց այդ օրը ադրբեջանցիները նշում են «սեւ հունվարը», երբ խորհրդային բանակը մտավ Բաքու` կանխելու հայկական ջարդերը) դիվերսիոն անհաջող փորձ կատարելուց հետո անդադար կրակում են հայկական դիրքապահների ուղղությամբ: Բացի դրանից, հաճախ թիրախավորում են նաեւ բնակավայրեր, ավտոճանապարհներ, քաղաքացիական օբյեկտներ: Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Նրան տեղափոխել են Բերդի զինվորական հոսպիտալ և վիրահատել: Գնդակը դիպել է աղջկա ազդրին:

http://armenpress.am/

Scroll Up