Համահայկական խաղերի մասնակից. սրանք իմ առաջին հայկական մեդալներն են

Հայաստանում այս օրերին շատ են սփյուռքահայ երիտասարդները, ովքեր մասնակցում են տարբեր ծրագրերի ու միջոցառումների:
Ավետիսը նույնպես զբաղվում է սպորտով: Հանդես է գալիս Տալլինի հայկական համայնքի «Արարատ» ֆուտբոլային թիմում, որը հնարավորություն է ստացել հանդես գալու Տալլինի ֆուտբոլի երկրորդ լիգայում: «Արարատ» ֆուտբոլային թիմը հանդես է գալիս նաև մինի ֆուտբոլի բարձրագույն խմբում.
«Սկզբում քույրիկս չէր ուզում մասնակցել Համահայկական խաղերին. նա դեռ 15 տարեկան է և շատ բան չի հասկանում: Իսկ ինձ համար շատ կարևոր է, որ որպես մարզիկ, նա կարողանա իր հայրենիքում, մայր հողում հնարավորությունները ցուցադրել ու արդյունքների հասնել: Ցանկացած մարդու համար, ով իր ազգը, հայրենիքը սիրում է, դա շատ կարևոր է»,-պատմեց Ավետիսը, ով թերևս ամենաշատն էր ոգևորված քույրիկի հաջողություններից:
Մարիան, որ ժպտալով լսում էր եղբորը, կարծես արդարանալով` ասաց.
«Պարզապես արձակուրդներ էին, և ես ուզում էի հանգստանալ: Բայց ուրախ եմ, որ լսեցի եղբորս ու մասնակեցի խաղերին: Բացումը շատ հավանեցի, հետաքրքիր էր տեսնել տարբեր երկրներից ժամանած մարզիկների, ու ամենակարևորը՝ մեդալակիր դարձա»:
Մարիան վեց տարեկանից զբաղվում է լողով: Մի շարք միջազգային մրցաշարերի է մասնակցել, Էստոնիայի պատանիների և մեծահասակների չեմպիոն է.
«Հայրիկս է ինձ լողի տարել, ու արդեն ինը տարի է` մարզվում եմ: Երեք տարի է` ընդգրկված եմ Էստոնիայի հավաքականի կազմում, այս տարի նաև Էստոնիայի քաղաքացիություն եմ ստացել:
Էստոնիան բոլոր հնարավորություններն ինձ տվել է մարզվելու համար. լավագույն մարզադպրոցում եմ սովորում, լավագույն մարզիչների մոտ եմ մարզվում »,-ասաց Մարիան:
Համահայկական 5-րդ խաղերի ժամանակ Մարիան շահել է երկու ոսկե, երկու բրոնզե մեդալ.
«Իմ առաջին հայկական մեդալներն են, էստոներենի փոխարեն հայերեն մակագրություն է: Հետաքրքիր է՝ երբ առաջին անգամ պարգևատրում էին, ժապավենը պոկվեց, ու մեդալը վայր ընկավ: Բայց դա ինձ չխանգարեց ուրախանալ:
Ինձ մոտ հանգստյան շրջան է. մոտ մեկ ամիս չեմ մարզվել: Եթե լավ մարզավիճակում լինեի, կարծում եմ` ավելի լավ կարող էի հանդես գալ: Բայց հիմա էլ եմ գոհ իմ արդյունքներից»,-նշեց Մարիան:
Համահայկական խաղերը Մարիայի համար կարևոր էին նաև նրանով, որ դահլիճում երկրպագուների մեծ խումբ ուներ.
«Էստոնիայում միայն ընտանիքիս անդամներն են մրցումների ժամանակ իմ կողքին լինում, բայց այստեղ բոլոր հարազատներս իմ կողքին էին: Մրցումների ժամանակ միշտ զգում էի նրանց աջակցությունը. դահլիճում, Եռագույնը պարզած, իմ անունն էին վանկարկում: Նրանք առաջին անգամ էին տեսնում, թե ես ինչպես եմ լողում: Ուրախ եմ, որ կարողացա հաճելի պահեր պարգևել նրանց»,-ուրախությամբ ասաց Մարիան:
Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է Օլիմպական չեմպիոն դառնալը. Մարիան նույնպես երազանքներ ունի.
«Մայիսին մասնակցելու եմ Եվրոպայի առաջնությանը, հուսով եմ՝ լավ արդյունքներ կունենամ: Դպրոցն ավարտելուց հետո ուզում եմ ԱՄՆ մեկնել. Էստոնիայի լավագույն լողորդները ԱՄՆ-ում են մարզվում ու սովորում»:
Հաջողություն մաղթենք Մարիային և հուսանք, որ նա դեռ շատ հաղթանակներ է տոնելու:
Լուսինե Աբրահամյան