Մեծ տոն ողջ աշխարհի մշակութային կյանքում. Երեւանում չորս օր անընդմեջ հնչեցին Պենդերեցկու ստեղծագործությունները

Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ «Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր Հայաստանում» միջոցառումների շրջանակում հայ ունկնդիրն առաջին անգամ լսեց անվանի դիրիժորի ջութակի, ալտի և նվագախմբի համար գրված Concerto Doppio ստեղծագործությունը:

Մաեստրոյի ղեկավարությամբ` գործը ֆիլհարմոնիկի հետ կատարեցին ջութակահար Ագատա Շիմչևսկան և ալտահար Ռոբերտ Կաբառան: Բացի դրանից, համերգի ընթացքում դիրիժորի ղեկավարությամբ հնչեց նաև Պենդերեցկու De Natura Sonoris թիվ 3 ստեղծագործությունը:

Երեկոյի ընթացքում Պենդերեցկու 2-րդ սիմֆոնիան նվագախումբը կատարեց ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Լեհ կոմպոզիտորին նվիրված երաժշտական միջոցառումների շարքի վերջին համերգին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակութային գործիչներ և Պենդերեցկու արվեստի երկրպագուներ:

«Ես շատ երջանիկ եմ և ուրախ, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի սկիզբն ազդարարվեց այսպիսի միջոցառմամբ: Ստացվեց փառատոն` փառատոնի շրջանակում: Պենդերեցկին այսօր ապրող ամենահանճարեղ մարդն է, նման մեծություն չկա: Ուրախ ենք, որ հայկական արմատներ ունի, և արդեն երրորդ անգամ իր հայրենիքում է: Սա մեծ միջոցառում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մշակութային կյանքում: Չորս օր հնչեցին մեկ կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ: Բացառիկ է նաև այն, որ համերգներին մասնակցեցին մեծ թվով երիտասարդներ: Մաեստրոն ևս ոգևորված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:

Կատարումներից ոգևորված` տոնական համերգի ավարտին հայ հանդիսատեսը հոտնկայս և անվերջ ծափահարություններով ճանապարհեց մաեստրոյին:

«Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը կեզրափակվի հունվարի 17-ին` Քշիշտոֆ Պենդերեցկու կյանքի և գործունեության մասին պատմող «Լաբիրինթոսի արահետներով» ֆիլմի ցուցադրությամբ:

«Պենդերեցկու օրեր» -ը մեկնարկեցին հունվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և թավջութակահար Բարտոշ Կոզիակի համատեղ ելույթով: Այնուհետև հաջորդ օրը «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում ելույթ ունեցան ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը և Անի Կարապետյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, կլարնետահար Դարկո Բռլեկը և դաշնակահարներ Արթուր Ավանեսովն ու Ջուլիետա Վարդանյանը:

Հունվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին Պենդերեցկու բարոկկո ոճով երեք պիեսները:

Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Հայաստան այցի ժամանակ նա հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ տուն: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևը մեծանուն կոմպոզիտորին է հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

http://armenpress.am

Scroll Up