Վոլֆգանգ Գուստի «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ 1915-1916 թթ. արխիվներում» գրքի անգլերեն թարգմանությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/Gust-Armenian-Genocide1.jpg)
«Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ 1915-1916 թթ. արխիվներում» գիրքը անգլերեն թարգմանությամբ հրատարակել է Berghahn Books-ը: Գիրքը լույս է տեսել Վոլֆգանգ Գուստի խմբագրությամբ: Այնտեղ զետեղված են հարյուրավոր հեռագրեր, նամակներ ու զեկույցներ Օսմանյան կայսրությունում հավատարմագրված գերմանացի հյուպատոսներից՝ հասցեագրված Գերմանիայի ԱԳ նախարարությանը, որտեղ մանրամասն նկարագրված են Հայոց ցեղասպանության ահասարսուռ տեսարանները: Փաստաթղթերը վկայում են երիտթուրքերի մտադրությունները և գերմանական կառավարության պաշտոնական համաձայնությունն ու մեղսակցությունը կայսրության հայ բնակչությանը բնաջնջելու հարցում:
Այդ փաստաթղթերի բացառիկ կարևորությունը ընդգծում է այն փաստը, որ միայն գերմանացի զինվորական պաշտոնյաները կարող էին Առաջին աշխարհամարտի տարիներին առանց գրաքննության զեկույցներ ուղարկել Թուրքիայից: Ամերիկացիներից բացի, որոնք մինչև 1917 թվականի ապրիլի 6-ը չեզոք էին, գերմանացի դիվանագետներն ու նրանց իրազեկիչները Բաղդադի երկաթուղու ներկայացուցչությունից կամ աշխատակիցների թվից, ցեղասպանության ամենակարևոր ոչ հայ ականատեսներն էին: Բացառապես ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը, որոնք ենթակա չէին հրատարակման, աչքի են ընկնում իրենց անաչառությամբ ու անկեղծությամբ: Նույնիսկ որպես Օսմանյան կայսրության դաշնակիցներ՝ գերմանացի պաշտոնյաները, բարոյական ու քաղաքական պատճառներով, իրենց պարտավորված էին համարում հայտնել հայերի դեմ կատարվող վայրագությունների մասին:
Վոլֆգանգ Գուստը գրում է. «Շոկի մեջ էի, երբ տեսա, թե գերմանացիներն ինչ մեծ դեր են ունեցել Եվրոպայի ծայրամասում զանգվածային սպանության գործում: Գերմանիան չէր նախաձեռնել այդ ցեղասպանությունը, բայց երիտթուրքերի ամենամերձավոր դաշնակիցն էր և կապված էր պաշտոնական ռազմական դաշինքով: Մի՞թե նացիստները չպատճենեցին հայերի ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի մեթոդները»: Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Փոլ Վոլֆ Մեթերնիխը գրել է կայսերական կանցլեր Տեոբալդ ֆոն Բետման-Գոլվեյգին՝ Բեռլին, 1915 թվականի դեկտեմբերի 7-ին. «…Հայերի հալածանքների դեմ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի մամուլում, և դա կլինի թուրքերի հետ գործակցության վերջը: Ինչ էլ նրանք արած լինեն, կապված է մեզ հետ՝ մեր խորհրդականների, թնդանոթների, փողերի…: Եթե ռազմական նկատառումներով չենք համարձակվում դիմակայել նրանց ավելի կոշտ դիրքերից, ապա այլ ընտրություն չենք ունենա, քան… կողքից հետևել, թե ինչպես է դաշնակիցը շարունակում կոտորածը»:
Կանցլերը պատասխանել է. «Պատերազմի ընթացքում դաշնակցի նման հանրային պարսավանքը նմանը չէր ունենա պատմության մեջ: Միակ նպատակն է որպես դաշնակից մեր կողքին պահել Թուրքիային մինչև պատերազմի վերջը՝ անկախ նրանից՝ դրա հետևանքով հայեր կզոհվեն, թե ոչ»:
Այս մասին տեղեկացնում են Տորոնտոյի Զորյան ինստիտուտի մամուլի գրասենյակից։
Թարգմանությունը՝