Ադրբեջանական հիստերիա՝ վասն ոչնչի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/12/5025_b.jpg)
Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը հերթական հուզումներն ու ամբոխավարական աղմուկն է ծնել Ադրբեջանում: Այս երկրի իշխանությունները, տարիներ շարունակ արհամարհելով եվրոպական ընտանիքին բնորոշ արժեքներն ու սկզբունքները, շրջափակման մեջ պահելով Հայաստանը, հիմա էլ չափազանց «հուզվել» ու բորբոքվել են՝ բողոքի իրենց նոտան հղելով Մաքսային միության համակարգողներին: Հերթական անգամ Ադրբեջանը խաղարկում է իր այսպես կոչված «գրավյալ տարածքների» և պետության տարածքային ամբողջականության խնդիրները, որոնք շատ վաղուց վերածվել են «թղթե նավակների» , մտացածին ու կեղծ դրույթների: Ամեն կերպ ջանալով «երկրորդ ձեռքի» միջոցով խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը և հաջողություն չգրանցելով՝ ադրբեջանական իշխանությունները հիմա էլ անցել են մաշված ու գործածությունից դուրս եկած մեթոդների կիրառմանը՝ այսպես ձգտելով մեկ անգամ ևս ուշադրություն սևեռել «ադրբեջանական հիմնահարցերին»:
Մաքսային միության «ճանապարհային քարտեզը» հաստատելիս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ ինքն ունի վերապահումներ, որոնք կներկայացնի մասնավոր կարծիքի տեսքով: Այդ դիտարկումը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, նոր հարաբերությունների ծիրի մեջ այս չճանաչված պետության և ՄՄ հարաբերություններին: Ակնհայտ էր, որ Նազարբաևը գործում էր ադրբեջանական և թուրքական հուշումներով և լիազորված էր պաշտպանել Ադրբեջանի «իրավունքները»: Սակայն ղազախական առաջնորդի «մասնավոր կարծիքը» չէր կարող վճռորոշ դեր կատարել, որովհետև Մաքսային միությունը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միավորում է՝ նպատակ ունենալով սերտացնել և միասնական դաշտի մեջ տեսնել տարածաշրջանի տնտեսական զարգացումները: Այս նոր միության առավելությունների և թերությունների մասին շատ է խոսվել, քննարկումներ են ծավալվել: Հաստատվել է այն տեսակետը, որ ժամանակակից աշխարհում, երբ պետությունները ձգտում են միասնական տնտեսական տարածքների ձևավորմանը՝ դիմագրավելու մեծ մարտահրավերներին, Մաքսային միությունն այլընտրանք է, որը կօգնի Հայաստանին ևս՝ դուրս գալու տնտեսական և ճանապարհային շրջափակումներից, լուծելու իր առջև դրված կարևորագույն խնդիրները: Այս միությունը ձևավորվում է որպես տնտեսական շառավիղների ընդլայնման և ընդարձակման հանգրվան, որի հետ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները և առնչությունները քննարկման առանձնակի հայեցակարգեր են պահանջում: Սակայն Նուրսուլթան Նազարբաևը, ունենալով հատկապես ադրբեջանական «մանդատը»՝ փորձեց ձևավորել մի վերաբերմունք, որը, բնականաբար, չարժանացավ ՄՄ-ին անդամակցող մյուս երկրների ուշադրությանը…
Եվ ահա Ադրբեջանը, հերթական անգամ պարտվելով նմաքուր խաղի մեջ, բողոք է հղել՝ հերթական անգամ հիշատակելով իր տարածքի 20 տոկոսի «գրավվածության» , մեկ միլիոն փախստականների «իրողությունները»: Բազմիցս ապացուցվել և հիմնավորվել է, որ ԼՂՀ-ից ու նրա շրջակա տարածքներից, ինչպես նաև Հայաստանից Ադրբեջան հասած փախստականների թիվը չէր կարող գերազանցել 250 հազարը, իսկ «գրավյալ տարածքները» դիտարկվում են որպես բանակցությունների թիրախ, հետևաբար ո´չ Մաքսային միությունը, ո´չ մեկ այլ կազմակերպություն լիազորված չեն քննարկման նյութ դարձնելու այս ամենը: Սակայն Ադրբեջանն իր հին երգն է երգում՝ նաև հայտարարելով, թե Հայաստանն իրավունք չունի անդամակցելու որևէ միության, քանի դեռ չեն վերդարձվել իր տարածքները… Մոտ երկու տասնամյակ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի հասնի Հայաստանի մեկուսացմանը, մի շարք տարածաշրջանային գլոբալ ծրագրերից Հայաստանի դուրսմղմանը: Նրան շատ բան հաջողվել է, քանզի գտնվել են աջակցողներ, գտնվել են համախոհներ՝ այսպես խախտելով տարածաշրջանի ներդաշնակ զարգացման տեսլականը: Սակայն այսօր արդեն փոխվում է աշխարհը, փոխվում են հայեցակարգերն ու տեսադրույթները, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի նախկին ջանքերն այլևս դատապարտված են…
Լ.Մութաֆյան