Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը Փերինչեքի գործի առնչությամբ հունվարին կհանդիպի Շվեյցարիայի դեսպանի հետ

Թուրքական կողմը փոխել է իր մարտավարությունը, ավելի համակարգված եւ ծածուկ է գործում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի`Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ժխտողական գործունեություն ծավալող Դողու Փերինչեքի` ընդդեմ Շվեյցարիայի հայցը բավարարելու վերաբերյալ վերջին որոշումը վերոնշյալ խոսքերի հիմնավորումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս
մասին ասաց Ֆրանսիայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:
«Նման համաեվրոպական որոշում կայացնելու համար ՄԻԵԴ-ը պետք է անհրաժեշտ աշխատանք իրականացներ նաեւ Հայաստանի իշխանությունների հետ: Եվրոպական դատարանում Հայաստանն իբրև պետություն հանդես է գալիս որպես առաջին կողմ,
քանի որ ՄԻԵԴ-ը Եվրոպական խորհրդի (ԵԽ) ենթակա մարմին է, իսկ Հայաստանն իր ներկայացուցիչն ունի Եվրախորհրդի դատարանում»,- որոշման վերաբերյալ Շվեյցարիան նույնպես ունի մեղքի իր բաժինը: ‹‹Շվեյցարացի դատավորները հարկ եղած համոզվածությամբ չպաշտպանեցին իրենց դիրքորոշումը, քանի որ հինգ տարի առաջ և այսօր թուրք-շվեյցարական հարաբերությունները նույնը չեն: Երկու երկրների միջև «սիրաբանություն» է սկսվել, երկու պետությունների միջեւ հսկայական գումարների հասնող գործարքներ են կնքվում: Մենք համոզված ենք. եթե Շվեյցարիան ավելի լավ պայքարեր եվրոպական դատարանում, հաղթանակը շվեյցարական կողմինն էր լինելու»,- ասաց Հրաչ Վարժապետյանը:
ՄԻԵԴ որոշումից հետո Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը պահանջել է անհապաղ հանդիպում Ֆրանսիայում Շվեյցարիայի դեսպանի հետ: Հրաչ Վարժապետյանի փոխանցմամբ, դեսպանի հետ հանդիպումն արդեն նշանակված է, եւ այն տեղի կունենա ամանորյա տոներից հետո:
‹‹Դեսպանի հետ քննարկելիք մեկ հարց ունենք: Իրավական տեսանկյունից Շվեյցարիան 3 ամիս ժամանակ ունի վճռի վերանայման հայց ներկայացնելու համար, եւ մենք պետք է պահանջենք, որ այդ ժամանակահատվածը և իր իրավունքը Շվեյցարիան օգտագործի ու վերանայման պահանջ ներկայացնի»,- ասաց Վարժապետյանը: Բացի դրանից, հաջորդ տարի Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը կշարունակի զարգացնել համագործակցությունը Բրյուսելի հետ: Ըստ Վարժապետյանի, ոչ միայն Բրյուսելի հետ հարցը համակարգելու խնդիր կա, այլեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների միջոցով Հայաստանի ձայնը բարձրացնելու խնդիր: «Ուստի
պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու, Հայկական հարցը արծարծելու խնդրում Բրյուսելի գրասենյակի հետ համագործակցությունը կենսական նշանակություն ունի և խիստ անհրաժեշտ է: Աշխատանքներն առաժմ տարվում են դիվանագիտական մակարդակով, դեսպանների հետ հանդիպումներ ունենալով: Բայց մենք պետք է փորձենք նաև համաժողովրդական ճնշման միջոցներ կիրառել, անցկացնել ցույցեր, հավաքներ››,- ասաց Վարժապետյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 17-ին բավարարեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրոդատարանը Փերինչեքի հայցի բավարարումը հիմնավորել էր նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել էր Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: Վճռի հրապարակումից հետո Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը խստորեն դատապարտեց այն:
Պատրաստեց Հասմիկ Հարությունյանը