Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում վառել է Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը
Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվել է Համահայկական խաղերի ջահը: Այն վառել է օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:
Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ: Մեկն օրերս վառվել է Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվել է Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում:
Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք ամբողջությունը:
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: