Վահրամ Արիստակեսյան. հայ ազգագրական պարն աշխարհին ներկայացրած պարուսույցը
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի…
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
–Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜…
Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.
Պարի՜,
Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջի՜ն պարես…
Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» բանաստեղծության ամեն մի բառը ծանոթ է գրեթե բոլորին: Սակայն երևի քչերը գիտեն, որ հայտնի բանաստեղծության ոգեշնչման աղբյուր է հանդիսացել նաև 1957 թվականին Թալինի Աշնակ գյուղում Վահրամ Արիստակեսյանի ստեղծած ազգագրական պարերի ինքնագործ խումբը, որը սասունցիների հաղթական ու խրոխտ պարը ճանաչելի է դարձրել աշխարհին:
Սակայն ամեն ինչ սկզբից:
Հայկական ժողովրդական պարերի անվանի վարպետ, պարող, պարուսույց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Արիսակեսյանը ծնվել է 1899 թվականին՝ Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթում՝ երաժշտասերների ընտանիքում, որտեղ միշտ հնչել է հայկական երգն ու պարը:
Արիստակեսյանների ընտանիքը, ինչպես Արևմտյան Հայաստանում ապրող շատ հայ ընտանիքներ, 20-րդ դարասկզբին սիպված էր թողնել հայրենի տունն ու հեռանալ նախ Իրան, ապա՝ Էջմիածին, իսկ ավելի ուշ՝ Թիֆլիս, որտեղ ապագա անվանի պարողն ու պարուսույցը սովորում է հայկական ծխական դպրոցում, ավարտելուց հետո ուսանում գթության եղբայրների դասընթացներում: Այնուհետև որպես բուժակ գնում է Էջմիածին՝ օգնելու Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին, որոնք շատ հաճախ, ցավը մոռացած, շրջան էին բռնում ու սկսում անմոռաց պարել՝ կարծես այդ կերպ հագեցնելով կորսված հայրենիքի կարոտը:
Էջմիածնում նա ո´չ միայն օգնում է իր հայրենակիցներին, այլև հենց նրանց օգնությամբ՝ վանեցու, տալվորիկցու, մշեցու, ղարսեցու, սասունցու, վարակվում հայկական պարերի մոգականությամբ և ինչպես խոստովանել է տարիներ անց, հենց այդ հանդիպումն էլ դարձել է իր ստեղծագործական մկրտությունը:
Վահրամ Արիստակեսյանը սկսում է ազգային պարերի բանահավաքությամբ զբաղվել, միաժամանակ դասական, ազգագարական պարեր ուսանում՝ աշակերտելով իտալացի հայտնի վարպետ Ինոչենցի Պերինիին, Գ. Էթարյանի պարի ուսումնարանում, Վրաստանի պարի դասատուների մասնագիտական դպրոցում: Որոշ ժամանակ անց դառնում է ո´չ միայն Վրաստանի պետական օպերայի արտիստ, այլև Թիֆլիսում բացված կովկասյան պարերի ստուդիայի վարիչն ու պարի դասատուն:
Աշխատասիրության, եռանդի և բնատուր տաղանդի շնորհիվ Վահրամ Արիստակեսյանը կարժ ժամանակ անց արդեն Վրաստանի ճանաչված պարողներից մեկն էր, նրա պարային կատարումներն ամենուր ընդունվում են մեծ ցնծությամբ:
Թիֆլիսում՝ Հայարտուն կենտրոնում նրա հանդիպումը Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանի հետ, շրջադարձային է դառնում նրա կյանքում: Վահրամ Արիստակեսյանին հնարավորություն է տրվում իր արվեստը ծառայեցնել հայրենիքում և հայրենի ժողովրդին, ինչպես նաև Երևանում բացելու պարի դպրոց:
Եվ այսպես, 1924 թվականին Երևանում բացվում է պարարվեստի պետական ստուդիան (այսօր՝ Պարարվեստի ուսումնարան), որտեղ քառամյա կրթությամբ սաները սովորում էին դասական, ժողովրդական պարեր: Նրա սաներից շատերը դառնում են Հայֆիլհարմոնիայի, Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի, Հայաստանի պետական օպերայի բալետային խմբի արտիստներ: «Ինչպես տառերից կազմվում են բառերը, բառերից՝ նախադասությունները, այնպես էլ առանձին շարժումներից կազմվում են ամբողջական պարերը: Իսկ ձեռքերը … մարմնի աչքերն են, որոնք հարցնում են, հաստատում, խնդրում, մերժում, կանչում, վանում: Ձեռքի՝ այդ ամենն արտահայտող շարժումները նրա հայացքն են, նայվածքը»,-հաճախ էր սիրում կրկնել իր սաներին:
Դասավանդմանը զուգահեռ Վահրամ Արիստակեսյանը շրջում է Հայաստանի շրջաններում, գյուղերում և հավաքում, գրի առնում հայկական ժողովրդական պարերն ու մեղեդիները:
1926 թվականին Երևանի ստուդիայում Վահրամ Արիստակեսյանը բեմադրում է բալետային առաջին բեմադրությունը Հայաստանում ՝ Դելիբի «Կոպելիա» բալետը:
1927 թվականին Վահրամ Արիստակեսյանի ղեկավարած պարախումբը մասնակցում է ՍՍՀՄ ժողովուրդների արվեստների հոբելյանական համերգին ու «Գյովնդը», «Մշո խըռ», «Ջանիման» և այլ պարերով հիացնում խստապահանջ հանդիսատեսին:
Մեկ տարի անց Վահրամ Արիստակեսյանն արդեն որպես մենապարող մասնակցում է Մոսկվայում անցկացվող համամիութենական առաջին սպարտակիադային ու գրավում առաջին տեղը՝ արժանանալով չեմպիոնի կոչման: Առաջին մրցանակին է արժանանում նաև նրա ղեկավարած պետական ազգագրական պարերի անսամբլը:
1929 թվականին Վահրամ Արիստակեսյանը նկարահանվում է նաև «Անուշ» ֆիլմում՝ Սարոյի դերում, սակայն ֆիլմն անավարտ է մնում:
1933 թվականին Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով բացվում է Հայաստանի օպերայի և բալետի պետական թատրոնը, որի բալետմեյստրն է դառնում Վահրամ Արիստակեսյանը:
Վահրամ Արիստակեսյանի ղեկավարած պետական ազգագրական պարերի անսամբլը ելույթ է ունենում տարբեր երկրներում՝ միշտ արժանանալով հանդիսատեսի գովասանքին, որոնց զարմացնում է հայկական պարերի երկաթյա ռիթմը, ընդգծված համաչափությունը, տաքարյունությունն ու բուռն մղումը:
Պարը, սակայն, մոռացնել չի տալիս իր առաջին մասնագիտությունը. 1931 թվականին Վահրամ Արիստակեսյանը աշխատանքին զուգահեռ սովորում է Երևանի, այնուհետև Մոսկվայի բժշկական ինստիտուտում:
Ավարտելուց հետո համատեղելով պարն ու բժշկի մասնագիտությունը՝ միաժամանակ աշխատում է Հայաստանի պետական օպերայում, Հայֆիլհարմոնիայում, ինչպես նաև կլինիկական հիվանդանոցում:
Բժշկություն ուսանելու իր ցանկությունն այս կերպ է բացատրել ճանաչված պարուսույցը. «Ես նայում էի իմ պարողներին և ցավով տեսնում, որ նրանց մկանները չեն զարգանում պարարվեստին համապատասխան: Մի քանի տարի և փոխվում են նրանց մարմնաձևերը, երեկվա գեղակազմ, թեթևասահ աղջիկները, սլացիկ տղաները գիրանում են, ծանրանում: Ես ցանկացա ուսումնասիրել շարժումների ֆիզիոլոգիան, իմանալ հատկապես մկանների ֆունցիան պարարվեստում, որպեսզի երեխաներին սովորեցնելիս, մարզելիս՝ առաջնորդվեմ դրանով: Ես կամեցել եմ բժշկությունը, գիտությունը ևս ծառայեցնել իմ սիրած արվեստին՝ պարին»:
Առավոտյան աշխատում էր, երեկոյան պարում: Ինչպես ականատեսներն են հիշում՝ որպես բժիշկ՝ ուներ ոսկե ձեռքեր, իսկ պարելիս՝ նրա ձեռքերն, ասես, խոսում էին, երգում:
1930-ականների ստալինյան բռնաճնշումները չեն շրջանցել Վահրամ Արիստակեսյանին: Բռնադատման տարիներին որպես բժիշկ՝ նա մի քանի տարի աշխատել է Հեռավոր Արևելքում, որտեղ բազում կյանքեր է փրկել:
1947 թվականին կրկին վերադառնում Երևան՝ աշխատում Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում, Օնկոդիսպանսերում, V պոլիկլինիկայում, իսկ 1949 թվականից Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատում՝ ղեկավարելով առողջապահական կայանը:
Սակայն Վահրամ Արիստակեսյանը չմոռացավ պարը, «պարն» էլ՝ իրեն…
Նրան առաջարկում են 1957 թվականին Մոսկվայում կայանալիք Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 6-րդ փառատոնին իր պարախմբով ներկայացնել Հայաստանը: Նա երեք տարի ժամանակ ուներ պատրաստվելու: Սակայն պետք է նախ հաղթեր հանրապետական, միութենական փառատոներում:
Սկսվում էր Վահրամ Արիստակեսյանի ստեղծագործական վերածնունդը: Տեսնելով, որ ներկայացվող հայկական պարերը կորցրել են իրենց անաղարտությունը, ինքնատիպությունը և հայկական պարերին խառնվել են օտարամուտ տարրեր՝ նա շրջում է Հայաստանի գյուղերով, պարզելու, թե որտեղ է ամենից անխառն մնացել մեր պարերը: Փնտրտուքը նրան հասցնում է Թալինի շրջանի Աշնակ գյուղ, որտեղ ապաստան էին գտել Սասունից գաղթած հայերը: Այստեղ էլ, երիտասարդ կոլտնտեսականներից ու կոլտնտեսուհիներից կազմում է պարախումբ ու սկսում պատրասվել, փորձեր կատարել:
Աշխատանքը ապարդյուն չի անցնում: Անքուն օրերից ու գիշերներից հետո Վահրամ Արիստակեսյանին հաջողվում է սիրողական խումբը հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի:
Նրա ղեկավարած խումբը նախ հաղթում է հանրապետական փառատոնում և արժանանում Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկրի կոչման, պարգևատրվում ոսկե մեդալով: Միաժամանակ իրավունք նվաճում մասնակցելու 1957 թվականի Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 6-րդ փառատոնին, որտեղ ևս արժանանում է դափնեկրի կոչման: 16 հոգուց բաղկացած պարախմբի անդամների «Յարխուշտան», «Նարեն», «Հաուզբաշին», «Ձեռնապարը» և այլ պարեր հանդիսատեսին հիացմունք են պարգևում, ալեկոծում նրանց հոգին: Իսկ ամենազարմանալին աղջիկների մասնակցությունն էր սասունցիների խրոխտ, մարտական պարին՝ «Յարխուշտային», որի ժամանակ հայուհին հանդիսատեսին երևաց մեկ այլ կերպարով:
Հաջողությունն ու փառքը, ջերմ ընդունելությունն ամենուր ուղեկցում էին Աշնակի պարախմբին: Իսկ Մարտիրոս Սարյանն այդ առիթով գրել է. «Եթե այսօր աշխարհի ժողովուրդների համար Սովետական Հայաստանի քարտեզի վրա այնքան խորհրդանշական էին Էջմիածինն ու Զվարթնոցը, Գառնին ու Գեղարդը, ապա 1957 թվականից սկսած Թալինի շրջանի Աշնակ գյուղը ևս ինչ-որ չափով հաստատուն տեղ գրավեց մեր ժողովրդի մշակույթի պատմության նկատելի հետք թողած անվանումների կողքին»:
Եվ … այդ նրանց է նվիրել Գևորգ Էմինն իր «Սասունցիների պարը»:
***
2019 թվականի ապրիլի 4-ին լրացավ Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 120-ամյակը, իսկ մարտի 24-ին «Պարատուն-2019» ամենամյա փառատոնով մեկնարկեց Արիստակեսյանական տարին: Վարպետի հոբելյանին նվիրված փառատոնին մասնակցել է 60 պարային խումբ Հայաստանի տարբեր անկյուններից, որոնք պարել են խորհրդանշական 120 պար: Փառատոնի մասնակիցներին Հայաստանի պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը պարգևատրել է պարավեստի անվանի գործիչ Վահրամ Արիստակեսյանի 120-ամյակի առիթով թողարկված հուշամեդալներով:
Հավելենք նաև, որ Պարարվեստի միությունը տարվա ընթացքում իր բոլոր միջոցառումները նվիրելու է Վահրամ Արիստակեսյանի հոբելյանին:
Լուսինե Աբրահամյան
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»