«Հայկական գիշեր» հրաշալի համերգը Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/04/arnuvil8-300x225.jpg)
Ապրիլի 27-ին փարիզյան շրջանի հայաշատ Առնուվիլ քաղաքում վաղ առավոտից հայկական շունչն էր թևածում: Առնուվիլի քաղաքապետ, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Պասկալ Դոլլի աջակցությամբ, Ֆրանսիայի «Հայկական կապույտ խաչ»-ի,«Սասուն» հայրենակցական միության, Հրանտ Դինքի անվան դպրոցի կանանց միության և այլ հայկական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ կայացած ավանդական «Հայկական գիշեր» միջոցառումը, որը տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի անվան համերգասարահում, դեռ երկար ժամանակ կմնա ներկաների հիշողության մեջ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին Ֆրանսիայից հայտնում է Մոնիկա Առաքելյանը, միջոցառումների շարքը երեկոյան եզրափակվեց դուդուկահար Լևոն Մինասյանի հրաշալի համերգով: Ներկա էին Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը, Սարսելի քաղաքի նախկին քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Հայկ Խեմչյանը, Առնուվիլի քույր քաղաքի` Արցախի Մարտունու շրջանի Շեխեր համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը, ֆրանսահայ բարերար Շառլ-Կարպիս Նիկողոսյանը և ֆրանսահայ շատ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համերգի սկզբում իրենց խոսքն ասացին Պասկալ Դոլն ու Ֆրանսուա Պուպոնին՝ ևս մեկ անգամ ընդգծելով հայ-ֆրանսիական բարեկամության ամուր հիմքերը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության էլ ավելի ամրապնդվող կապերը: Եվ, իհարկե, հիացմունքով հիշեցին Արցախ կատարած վերջին այցը:
Այնուհետոև ցուցադրվեց «Առնուվիլից Արցախ» վավերագրական ֆիլմը, ոորով ներկայացվեց Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի, Պասկալ Դոլլի, Ֆրանսուա Պուպոնիի, և ֆրանսիացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների Արցախ կատարած այցը։ Պատվիրակությանն ուղեկցում էին Հովհաննես Գևորգյանն ու Կարպիս Նիկողոսյանը:
Ֆիլմին հաջորդեց համերգը. դուդուկահար Լևոն Մինասյանը ողջունեց դահլիճում գտնվող ֆրանսահայ երգչուհի Լիզ Սարյանին: Համերգն ընդմիջվում էր Կելլի Մարտինսի հրաշալի ասմունքով. ֆրանսերեն հնչեց Չարենց, Համաստեղ: Լևոն Մինասյանին նվագակցում էր կիթառահար Տիգրան Տեր Ստեփանյանը: Օդրի Կեսեջյանի հիանալի կատարմամբ և Լևոն Մինասյանի դուդուկի ուղեկցությամբ ներկաները վայելեցին նաև «Դլե յաման» երգը:
Համերգն ավարտվեց կեսգիշերին, իսկ Առնուվիլում միջոցառումները շարունակվեցին նաև հաջորդ օրը:
Լուսանկարները՝ Քսավիեր Լորիս Շուքուրյանի