«Հայկական երաժշտությունը հանճարեղ է». դոմինիկցի երաժիշտ Ֆերնանդո Բլանկո
Հայկական հնամենի մշակույթը միշտ հետաքրքրել է օտարներին, դարձել նրանց՝ Հայաստան գալու և մեր ազգային-հոգևոր արժեքներին մոտիկից ծանոթանալու շարժառիթ: Ճիշտ է, «Հայերեն այսօր»-ի զրուցակից Ֆերնանդո Բլանկոն դեռ չի այցելել Հայաստան, սակայն այնքան է տարված հայկական երաժշտությամբ, որ ցանկություն է հայտնել ընդգրկվել ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գործող «ԱՐԵՆԻ» երգչախմբում:
Այժմ նա երգչախմբի լիիրավ անդամներից է և վայելում է բոլորի սերն ու հարգանքը:
–Ֆերնանդո՛, պատմեք, խնդրում եմ, Ձեր մասին:
– Ես ծագումով Դոմինիկյան Հանրապետությունից եմ, ԱՄՆ եմ տեղափոխվել 1979թ: Ավարտել եմ Farmingdale University-ին, այնուհետև Long Island University-ին՝ ստանալով մենեջմենթի և հաշվապահի մասնագիտություն: Այժմ հատուկ մասնագիտացված դպրոցում աշխատում եմ կրթության ոլորտում՝ որպես ուսուցիչ: Զուգահեռաբար 20 տարուց ավելի մենեջեր եմ աշխատում Նյու-Յորքի «Քուինս» թատրոնում:
– Ինչպե՞ս իմացաք «ԱՐԵՆԻ» երգչախմբի մասին:
-«ԱՐԵՆԻ» երգչախմբի հետ առաջին անգամ հանդիպումս կայացավ 2015 թվականին «Քուինս թատրոնում»՝ երգչախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին, որից ես ցնցող տպավորություն էի ստացել: Հաջորդ տարի երգչախումբը կրկին ելույթ ունեցավ նույն թատրոնում, որտեղ ես նույնպես ներկա էի: Կրկին մեծ տպավորություն ստացա. այս անգամ երգչախումբը բացարձակապես նոր ու տարբեր ծրագրով էր հանդես գալիս: Որոշեցի մոտենալ և ներկայանալ, ցանկություն հայտնեցի երգել հայերեն, քանի որ արդեն տարբեր լեզուներով երգելու բավականին փորձառություն ունեի:
Երգչախմբի ղեկավար Արմինե Վարդանյանն առաջարկս սիրով ընդունեց, և սկսեցի հաճախել փորձերին: Սկզբում լեզվի հետ կապված դժվարութուններ էի ունենում: Վստահ եմ՝ իմ փոխարեն մեկ ուրիշը հայերեն տեքստերը տեսնելիս պիտի բացականչեր՝ «օ~հ, ո’չ», սակայն երգչախմբի անդամների՝ ինձ օգնելու պատրաստակամության շնորհիվ, հաջողեցի և շատ արագ կողմնորոշվեցի:
-Ինչպե՞ս եք Ձեզ զգում երգչախմբում:
– Երգչախմբում ինձ շատ լավ եմ զգում. ընտանեկան մթնոլորտ է տիրում այնտեղ: Բոլորն, անկախ տարիքից, ազգությունից, մասնագիտությունից և զբաղեցրած դիրքից, շատ ջերմ են միմյանց նկատմամբ: Երգչախումբը մշտապես հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, ինչն էլ ստիպում է սովորել նորանոր ստեղծագործություններ, իսկ դա ինձ շատ է դուր գալիս:
Առհասարակ, հայկական երաժշտությունը շատ գեղեցիկ է, իսկ երբ ծանոթանում ես դրանց բովանդակությանն ու խորապես ուսումնասիրում կառուցվածքը, ապա այն պարզապես հանճարեղ է դառնում:
-Ֆերնանդո, ո՞ր ժանրի երգերն են Ձեզ հոգեհարազատ:
– Ինձ շատ են դուր գալիս հատկապես հայկական ժամանակակից էստրադային երգերը, որոնք մեծ սիրով եմ կատարում: Դրանցից կառանձնացնեմ Քրիստ Մանարյանի «Իմ Երևան», Կոստանդին 0րբելյանի «Մեր սերը երբեք չի ծերանում» և այլ ստեղծագործություններ: Այս երգերը չափազանց զգացմունքային են և մեղեդային: Թերևս դա է պատճառը, որ ամեն անգամ կատարելիս՝ գերագույն հաճույք եմ ստանում: Վստահ եմ՝ ապրումներս անպայման ուրվագծվում են դեմքիս արտահայտության վրա:
-Ի՞նչ գիտեք Հայաստանի և հայերի մասին :
-Երգչախմբի հետ ծանոթանալն առիթ հանդիսացավ՝ խորապես հետաքրքրվելու Հայաստանով և ուսումնասիրելու ձեր պատմությունն ու մշակույթը: Իմացա, որ հայերն են առաջինը քրիստոնեությունն ընդունել, տեղեկացա նաև Թուրքիայի կողմից 1915 թվականին կատարված Հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ հայ ժողովուրդն անպատմելի զրկանքներ է կրել:
Բազում հոդվածներ և ուսումնասիրություններ եմ կարդացել, վավերագրական ֆիլմեր դիտել Հայոց ցեղասպանության մասին, իսկ ամենացավալին այն է, որ այն դեռևս չի ճանաչվել ոճրագործների կողմից:
-Տարին հոբելյանական է հայերիս համար.ազգովի նշում ենք հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Ինչպե՞ս կբնութագրեք Կոմիտասին և նրա ստեղծագործությունները:
– Կոմիտասի երաժշտությունը յուրահատուկ է, այն ուղղակի կատարյալ է: Մինչ այդ երբեք առիթ չէի ունեցել լսելու այսպիսի հոգեթով երաժշտություն: Տեղեկացա նաև նրա դաժան ճակատագրի մասին, որից մեծ ցավ ապրեցի: Վերջերս առիթ ունեցա ծանոթանալու և կատարելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը:
Անկախ ինձանից՝ սկսեցի զուգահեռներ անցկացնել այս երկու հայ մեծերի միջև, և եկա այն եզրահանգման, որ հայ մշակույթը չափազանց մեծ ներգործություն ունի համաշխարհային երաժշտության զարգացման վրա:
Ամփոփելով միտքս՝ ասեմ, որ ամենատարբեր ոլորտներում հայերը շատ մեծ ավանդ ունեն համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի
Հ.Գ.-Շնորհակալություն Նյու Յորքի «ԱՐԵՆԻ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Արմինե Վարդանյանին՝ հարցազրույցը կազմակերպելուն աջակցելու համար