Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում

Ապրիլի 21-ին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում նշվեց հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ և Հայոց Եկեղեցու կանոններով և  արարողակարգերին համապատասխան: Ինչպես Ճրագալույցի երեկոյան, այնպես էլ Սուրբ Զատկի օրը Թբիլիսիում, Ռուսթավիում,  Բաթումիում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլիի, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում, հավատացյալ բազմության մասնակցությամբ, տեղի ունեցան սրբազան արարողություններ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Վիրևահայոց թեմի մամլո դիվանից, հավատացյալներով լեցուն էր Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցին, բակը և մերձակա տարածքը: Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ, մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, այլ նշանավոր հայորդիներ և բազում հավատացյալներ:

Հայոց Եկեղեցում Սուրբ Հարության տոնակատարությունը հարգել էին  վրացական իշխանությունների ներկայացուցիչները, ի մասնավորի Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Ճիճինաձեն, Վրաստանի  հաշտության և  հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, առաջին փոխպետնախարար Լիա Գիգաուրին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, ռազմավարական հետազոտության ծառայության պետ Նինո Ճավճավաձեն, առաջին կարգի պետ  Սերգո Փարուլավան:

Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Սրբազան Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Սբ.Զատիկի՝ որպես չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակի տոնի կապակցությամբ:

Այնուհետև տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Վազգեն Սրբազանը շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև Վրաստանի քրիստոնյա ժողովրդին՝ ով  նշում էր Ծաղկազարդի տոնը:

Եկեղեցու բակում ազգային տարազով զուգված երիտասարդները  ժողովրդին բաժանեցին  ներկած ձվեր:

Scroll Up