Ներողություն հայցեք հայ-ժողովրդից. Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահը՝ Թուրքիային

Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին (Shaykh Yousif Al-Nasri), Իրաքի կառավարությանը կից Համակեցության և համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող հոգևորականների պատվիրակությանը։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳն մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում մուսուլմանական հոգևոր առաջնորդները ներկայացրեցին Իրաքում ազգային և կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով իրաքահայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերն այս գործում՝ հատկապես պատերազմական և դրան հաջորդած ժամանակահատվածում։
Հոգևոր առաջնորդների հետ հանդիպմանը քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության հետ առնչվող հարցեր։ Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրին, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրությունում իրականացված անմարդկային ոճրագործությունը, ընդգծեց, որ թուրքական ներկա իշխանությունները, հանուն իրենց սերունդների, պետք է հայցեն հայ ժողովրդի ներողամտությունը կատարվածի համար։
Հանդիպման վերջում հոգևոր առաջնորդները փոխանցեցին իրենց ողջույններն ու բարեմաղթանքները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ շեշտելով Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրաքյան իշխանությունների պետական հոգածությունը՝ կարևորելով հատկապես Իրաքի բազմազգ և բազմակրոն խճանկարում երկու ժողովուրդների միջկրոնական համերաշխությանն ուղղված կապերի զարգացման անհրաժեշտությունը։