Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում Ղազախստանում

Մարտի 30-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, որը «ProBooks» ընթերցանության ակումբի ու ՂՀ մայրաքաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Ղազախստանում ՀՀ դեսպանությունը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, բազմաժանր միջոցառման ընթացքում «ProBooks» ընթերցանության ակումբի անդամները, ինչպես նաև որոշ հյուրեր, հանդիսատեսին Հովհաննես Թումանյանի կենսագրության հետ մեկտեղ ներկայացրին թատերական համարներ, մուլտֆիլմեր, երաժշտական կատարումներ հայ բանաստեղծի հեքիաթների և պատմվածքների հիման վրա՝ ընթերցելով որոշ հատվածներ հայկական պոեզիայի՝ ՀՀ դեսպանության և Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոսության ջանքերով լույս տեսած «Արարատի մեղմ հովերը» հատընտիրից՝ ղազախերեն թարգմանությամբ: Ելույթ ունեցավ հայկական կիրակնօրյա դպրոցի պարային խումբը: Մշակութային երեկոյի ընթացքում անցկացված վիկտորինայի հաղթողներին, ինչպես նաև ներկա բոլոր երեխաներին ՀՀ դեսպանությունը նվիրեց հայ հեղինակի հեքիաթները՝ ռուսերեն թարգմանությամբ: