Մահացել է Ալմաթիի հայկական համայնքի ճանաչված անդամ, գիտնական Ռոդիկ Մնացականյանը

Խորին ցավով տեղեկացանք Ալմաթիի «Մասիս» հայկական մշակութային կենտրոնի փոխնախագահ, ականավոր գիտնական, մանկավարժ, գիտական գործի հմուտ կազմակերպիչ և ղեկավար Ռոդիկ (Ռուդիկ) Հայկի Մնացականյանի մահվան մասին, որի անվան հետ կապված են բազմաթիվ լուրջ նվաճումներ ինչպես գիտության բնագավառում, այնպես էլ Ալմաթիի հայկական համայնքի կյանքում:
Ռոդիկ Մնացականյանը գինեգործության ոլորտի առաջատարներից էր։ Նրա նորարարական մի շարք հայտնագործություններ (խաղողի վերամշակման օպտիմալ ռեժիմներ՝ առանց ողկույզից առանձնացնելու, խմորման հոսքալցման մեթոդը, պտուղների՝ առանց թափոնների վերամշակման մեթոդը և այլն), լայն տարածում են գտել Ղազախստանի Հանրապետության գինեգործական ձեռնարկություններում, իսկ «Իսիկ» գործարանի շատ արտադրատեսակներ («Рислинг �?ссык», «�?ссикское Полусухое», «Бибигуль» և այլն) դարձել են երկրի այցեքարտը։
1996-ից նա դասավանդում էր Ալմաթիի տեխնոլոգիական համալսարանում: 1998-ից ՂՀ-ում գինեգործության բնագավառում ունեցած անձնական ներդրման և բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում մեծ ավանդի համար նրան շնորհվել է Ալմաթիի տեխնոլոգիական համալսարանի պատվավոր պրոֆեսորի, իսկ 2007թվականին՝ ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում: Բազում հոդվածների, գինեգործության ոլորտում շուրջ 10 գյուտերի հեղինակ և համահեղինակ է:
1981 թ. պարգևատրվել է «Պատվո շքանշանով», «Ղազախստանի Հանրապետության անկախության 10 ամյակ»-ի, «Ղազախստանի Հանրապետության անկախության 15 ամյակ»-ի շքանշաններով: 2002 թ. Ղրիմի գինեգործների միության կողմից պարգևատրվել է Լ. Ս. Գոլիցինի անվան ոսկե մեդալով և պատվոգրով, նրա անունը գրանցված է ԱՊՀ գինեգործների պատվավոր գրքում: 2002 թ. Ղազախստանի Ենբեկշի շրջանի Պատվավոր քաղաքացի է: Բազմիցս արժանացել է ՂՀ Նախագահի շնորհակալագրերի:
1999-2005 թթ. Ռ. Մարտիրոսյանը եղել է «Լույս» հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահը, Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի խորհրդի անդամ: Նրա անմիջական հովանավորությամբ է կառուցվել Ալմաթիի «Հայկական տուն»-ը: 2005 թվականից Ղազախստանի հայերի «Մասիս» միության փոխնախագահն է։ Չնայած իր բազմազբաղ լինելուն՝ շարունակ հայկական համայնքի կողքին է եղել և հովանավորել է հայանպաստ շատ նախաձեռնություններ։
Պարգևատրվել է Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով։
Տասնյակ գիտական աշխատությունների, մենագրությունների և նորարարությունների հեղինակ, միջազգային ճանաչում ունեցող գիտնականը մեծ ուշադրություն էր ցուցաբերում իր աշակերտների, երիտասարդ գործընկերների և հետևորդների կայացմանը, որոնցից շատերն այսօր արդեն ճանաչված գիտնականներ են:
Հայաստանում միշտ հետևել են վաստակաշատ ակադեմիկոսի գիտական ձեռքբերումներին և հպարտացել նրա գիտական նվաճումներով:
Խոշոր գիտնականի, փորձառու մանկավարժի, ազնիվ մարդու և քաղաքացու բարձր անունը և բարի համբավը մշտապես կմնան նրա հարազատների, մերձավորների, բարեկամների, գործընկերների և բոլոր հայրենակիցների հիշողության մեջ: