«Եթե մինչև անգամ լսած լինես, որ ես աշխարհում չկամ..»

Ասմունքող Սուսաննա Գաբրիելյանը մեր արվեստի աշխարհ եկավ 1960-ականների վերջերին և միանգամից իր վրա սևեռեց բոլորի ուշադրությունը. մուգ կանաչ ու մեծ աչքերով, բեմի համար անսովոր համարվող սև նեղ շրջազգեստով, կարճ մազերով, արտասանության փոքր-ինչ անսովոր հնչերանգով, որի մեջ հեռավոր աղերսներ կային ռուսական արտասանական ձևերին:

Ալեքսանդր Գրիգորյանի հիմնադրած «Արշալույս» թատրոն-ստուդիայում մի կարճ շրջան հանդիսատեսին ներկայանալուց հետո նա մի երեկո բեմ բարձրացավ Երևանի Արվեստի աշխատողների տանը, կիթառի նվագակցությամբ, ինչը նորություն էր ժամանակի համար, սկսեց կարդալ Անդրեյ Վոզնեսենսկու և Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունները: Մարինա Ցվետաևան շատերի համար նորություն էր, որովհետև միայն խրուշչովյան «ձնհալի» տարիներին հնարավոր եղավ ներկայացնել ռուս մեծ բանաստեղծուհու ստեղծագործությունները, պատմել նրա ապրած տառապալից օրերի մասին, խոսել նրա դժբախտ ճակատագրի մասին, որն իր վրա էր առել ստալինյան հետապնդումների և բռնությունների «կորագծերը»…

Հայ բեմից առաջինը Սուսաննա Գաբրիելյանը հնչեցրեց Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունները` այսպես ճանապարհ բացելով դեպի ռուսական պոեզիայի «արծաթե դար»: Հետո նրա հայտագրում տեղ գտան Աննա Ախմատովայի, Օսիպ Մանդելշտամի, Նիկոլայ Գումիլյովի, Ալեքսանդր Բլոկի բանաստեղծությունները: Նրանց կողքին հառնեցին հայ բանաստեղծները` Վահան Տերյան և Եղիշե Չարենց, Պարույր Սևակ և Սիլվա Կապուտիկյան… Ասմունքի հայկական դպրոցը աղքատ չէր անուններով. Սուրեն Քոչարյան, Հայկուհի Գարագաշ, Սիրվարդ Մեսրոպյան, Թամար Դեմուրյան, Հրաչուհի Ջինանյան, Մետաքսյա Սիմոնյան, Վլադիմիր Աբաջյան… Բայց Սուսաննա Գաբրիելյանը հաստատեց նաև իր տեղն ու ժամանակը, տարբերվեց ու առանձնացավ բոլորից, իր դպրոցը ձևավորեց, նյութի մատուցման իր եղանակները ստեղծեց:

«Մայրս ծնունդով գյումրեցի էր, սերում էր Գաբրիելյանների նշանավոր տոհմից: Մորս ծնողները գրականություն, արվեստ ու գիտություն գնահատող մարդիկ էին, այդ պատճառով էլ նրանք ամեն ինչ արել էին, որպեսզի որդին` Լևոնը, իրավաբան դառնար, մայրս էլ ստանար բանասերի ու դերասանուհու կրթություն: Գյումրին մորս համար պաշտամունք էր: Հետո այդ պաշտամունքը դարձավ նաև իմը, արյանս բաղադրության մեջ մտավ: Գյումրին յուրօրինակ հոտ ունի ինձ համար: Երբ փոքր էի, հպվում էի պատշգամբի բազրիքին, ու ինձ էր հասնում տաքացած քարերի հոտը: Երբ մայրս կարդում էր, ես այդ քարերի հոտն էի առնում, նրանցից արձակվող ջերմությունն էի զգում… Անգամ մորս պատմած անեկդոտների մեջ, որոնց լեզուն միշտ մայրենի գյումրիական բարբառն էր, ես զգում էի քաղաքի ու նրա քարերի հոտը… Մայրս ինձ հաճախ էր տանում Գյումրի, ծանոթացնում քաղաքին, նրա մարդկանց, ովքեր զարմանալի սիրով էին սիրում մորս, հաճույքով գալիս էին նրա համերգներին և ակնապիշ նայում բեմին, ուր սովորական մի կին էր հայտնվում, ով շուտով փոխակերպվում էր առեղծվածային արարածի, գյումրեցիներին ներկայացնում պոեզիայի ծով հմայքը»,- պատմում է Սուսաննա Գաբրիելյանի դուստրը` բեմադրիչ Մարիամ Գաբրիելյանը, ում ձայնը նման է մոր ձայնին, ուստի մոր մտերիմ ընկերուհիներից մեկը` ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը միշտ խնդրում է իր հետ հեռախոսով չխոսել, որովհետև անվանի դերասանուհուն թվում է, թե խոսում է Սուսաննայի հետ…

Սուսաննա Գաբրիելյանի ասմունքն իրապես տարբերվում էր, առանձնանում, ընդգծվում: Նրա համար կարևորը ոչ այնքան զգացմունքի շեշտումն էր, որքան` բանաստեղծության իմաստը, գաղափարը, հուզական և մտային հոսքերի ամբողջությունը: Հույզը նա չէր բացառում, սակայն հույզից առաջ էր դնում իմացական-գաղափարական շեշտը, որպեսզի ցանկացած ստեղծագործություն դառնա հասկանալի, բանաստեղծի հայեցադրույթը ընկալելի լինի ունկնդրին: Սուսաննա Գաբրիելյանը կարծես չէր կարդում, չէր արտասանում, այլ զրուցում էր ինքն իր հետ, ունկնդրի հետ, երկխոսություն վարում բանաստեղծի հետ` այսպես առավելագույնս մոտենալով ստեղծագործության էությանն ու բովանդակությանը…

Կյանքից վաղաժամ հեռացած նշանավոր ասմունքողի հիշատակին  նվիրվեց երեկոն Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որը կազմակերպել էր ՀՀ մշակույթի նախարարությունը` նախարար Հասմիկ Պողոսյանի անմիջական աջակցությամբ: Ուշացած ու մի քիչ էլ մոռացված էր ասմունքողի ծննդյան օրը, որը հիշատակվեց երեկոյի ընթացքում: Սուսաննա Գաբրիելյանի մասին իրենց հուշերը պատմեցին ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ազատ Գասպարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Լալա Մնացականյանը, դերասաններ Հասմիկ Տեր-Կարապետյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, լրագրող Գարիկ Ղազարյանը: Ամեն մեկի հուշի միջից հառնում էր Սուսաննա Գաբրիելյանը, ով մի ամբողջ դպրոց եղավ մեր արվեստում և բացեց նոր ու չտրորված ճանապարհներ:

Լևոն Մութաֆյան

Scroll Up