«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տարեմուտի հանդեսը

Դեկտեմբերի 22-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում տեղի ունեցավ Ամանորին ու Սուրբ Ծննդյանը նվիրված տոնակատարություն։

Բացման խոսքում տնօրեն, Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը նշեց, որ որակյալ կրթության և կատարվող հսկայածավալ աշխատանքների շնորհիվ հաստատությունը դաձել է աշխարհի ամենամեծ շաբաթօրյա դպրոցը, որի աշակերտնեի թիվն արդեն գեարզանցում է 300-ը։

Տերունական աղոթքով սկսվող միջոցառումը յուրօրինակ հաշվետվությունն էր անցնող տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքների, որի ընթացքում ներկաներն ունկնդրեցին աշակերտների գեղեցիկ արտասանություններն ու երգերը՝ նվիրված օրվա խորհրդին։

Մանուկների շուրթերից արտաբերված յուրաքանչյուր բառ, աղոթքի նման վեր էր բարձրանում առ Աստված…

            «Արի՛, Նո՛ր Տարրի, բայց այնպես արի,

            Որ ավելանա բարին աշխարհի…»

            «Ամանորի գիշերը, ա՛խ, հրաշքլիներ

            Ոչ մի մանուկ չլիներ տխուր այդ գիշեր…»

            Ներկաներն ապրեցին հոգևոր ուրախության, հպարտության ու ոգևորության աներևակայելի պահեր։

Ավարտին իր օրհնության խոսքն ասաց Սբ. Ղևոնդյանց Մայր տաճարի հովիվ, արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը, որը ներկաներին փոխանցեց նաև Գերաշնորհ Տեր Հովնան արք. Տերտերյանի բարեմաղթանքները։

 Էլ ի՞նչ տարեմուտի հանդես առանց Ձմեռ պապի: Երեխաների ուրախությունը կրկնապատկվեց, երբ տաճարի դռները բացվեցին ու ներս մտավ Ձմեռ պապը՝ իր հետ բերելով Նոր տարվա հրաշքն ու այդքան սպասված նվերները: Նա ոչ միայն շնորհավորեց բոլորին գալիք նոր տարվա ու Սբ. Ծնունդի կապակցությամբ, այլև ներկաներին հիացրեց իր հին ու նոր տոնական երգերի կատարմամբ:

Ավարտին «Թրբանջյան» հրապարակում կազմակերպվել էր հյուրասիրություն, ուր Ձմեռ պապի ընկերակցությամբ, ուրախ երգ ու երաժշտության ներքո շարունակվեց տոնական տրամադրությունը՝ ավետելով Նոր տարվա և Մանուկ Քիստոսի ծնունդը:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնոնդ։

Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց։

Անահիտ Շահվերդյան

 

Scroll Up