Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ վրացի բժիշկը պարգևատրվեց դեսպանության շնորհակալագրով

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ վրացի բժիշկ Թեյմուրազ Գոգիձեն պարգևատրվեց Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհակալագրով։ Բժիշկ Գոգիձեն Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Թբիլիսիում վիրահատել է տասնյակ վիրավորների։ Այս մասին հաղորդում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Սադոյանը ողջ հայ ժողովրդի անունից ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն հայտնեց եղբայրական վրացի ժողովրդին՝ հայ ժաղովրդի համար այդ դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած անգնահատելի օգնության համար։ Նա ավելացրեց, որ այդ օգնությունը երբեք չի մոռացվի և մշտապես կհիշվի երախտագիտությամբ:

Բժիշկ Գոգիձեն նշեց, որ սարսափով է հիշում այդ օրերը, քանի որ վիրավորների նման քանակ երբևէ չէր տեսել։ Նրա խոսքով՝ իր մոտ շատ լավ տպավորվել է Լիլի անունով փոքրիկ երեխայի ծանր վիրահատությունը, որի հետ կապը վիրահատությունից հետո կտրվել է և հույս հայտնեց, որ այս շնորհակալագրի հանձնման արարողության լուսաբանումը հնարավորություն կտա, որ Լիլին գտնի իրեն բուժած բժշկին։

Scroll Up