Բեյրութի Հայկազյան համալսարանի «Հայկազյան հայագիտական հանդես»-ի շնորհանդեսը Արցախում
Արցախի պետական համալսարանում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Բեյրութի Հայկազյան համալսարանի կողմից տպագրվող «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում Արցախի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների միջև կնքվել է նաև համագործակցության հուշագիր:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, ասել է, որ Բեյրութի Հայկազյան համալսարանը ստեղծվել է 1955 թվականին և նպատակ ունի հայապահպանման գործընթացը խթանելու ոչ միայն Լիբանանում, այլև ամբողջ Առաջավոր Ասիայում:
«Բեյրութի Հայկազյան համալսարանն առաջին տարին ունեցել է 43 ուսանող, որի թիվը տարիներ անց հասել է շուրջ 600-ի: Առանձնակի կարևորություն ունի նաև համալսարանի կողմից տպագրվող «Հայկազյան հայագիտական հանդեսը, որտեղ տպագրվել են նաև Արցախի պրոֆեսորների, դոցենտների գիտական հոդվածներից»,-նշել է Ա. Սարգսյանը:
Խոսելով իր և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանի միջև ստորագրված երկկողմանի համագործակցության զարգացման նպատակով կնքված հուշագրի մասին՝ ռեկտորն ասել է, որ հուշագրի հիմանական նպատակներն են համատեղ գիտահետազոտական նախագծերի նախապատրաստումն ու իրագործումն է, դասախոսությունների վարումն ու հեռավար ուսուցումը: Ինչպես նաև՝ գիտական հետազոտությունների հրապարակումների, ուսումնական նյութերի, երիտասարդ գիտնականների և ուսանողների փոխանակումը:
Միջոցառմանը ներկա Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանն ասել է, որ ինքը նախորդ այցերի ընթացքում է ծանոթացել Արցախի հետ:
«Շատ վաղուց ենք համագործակցում ԱրՊՀ-ի հետ, բայց այս անգամ այն դարձրինք փաստաթղթային, որի նպատակն է համատեղ գիտաժողովների կազմակերպումը, ուսանողների փոխայցելությունները: Երկու բուհերի համար էլ համագործակցությունը պետք է իր դրական ազդեցությունն ունենա: Այս անգամ մենք նաև ԱՀ արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցության պայմանագիր ստորագրել՝ նպատակ ունենալով կառույցի աշխատակիցներին ծանոթացնել լիբանանյան փորձառությանը, որը կտևի 1-4 ամիս»,,-մասնավորապես ասել է Փ. Հայդոսթյանը:
Անդրադառնալով հայագիտական տարեգրքին՝ Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Հայկազյան հայագիտական հանդեսը»-ի խմբագիր Անդրանիկ Դաքեսյանն ասել է, որ այն սկսել է հրատարակվել 1970 թվականից:
«1991 թվականից մինչ այսօր, յուրաքանչյուր տարի հրատարակվում է մեկական հատոր, այս տարի լույս է տեսել արդեն թվով 38-րդը: Այն արևմտահայերեն դասական ուղղագրությամբ լույս տեսնող Սփյուռքի մեջ հայատառ միակ հայագիտական տարեգիրքն է: Այնտեղ հրապարակում է հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ: Մեզ հետ աշխատակցում են Հայաստանի, սփյուռքի և օտարազգի հայագետներ: 38-րդ հանդեսում զետեղված է 40 հոդված: Հանդեսն ունի տարբեր բաժիններ, գրախոսություններ, ինչպես նաև հայտնի հայագիտական գործիչների մասին մահախոսականներ»,-ասել է Ա. Դաքեսյանը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ ասել է, որ նման հանդիպումները՝ Արցախի պետական և Բեյրութի համալսարանների միջև ավելի է ամրապնդում համագործակցությունը:
«Անուրանալի է Հայկազյան հայագիտական հանդեսի դերը հայ ինքնության պահպանման և հայագիտության զարգացման գործում: Այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունից 40 տարի անց, այն ժամանակ, երբ թուրքի յաթաղանից մազապուրծ եղած հայությունն առաջին անգամ զգացել է ուծացման վտանգը: Այդ տարիներին շատ կարևոր էր այն նվիրյալների արածը, ովքեր հիմնադրել են հայկական դպրոցներ, վարժարաններ, հրատարակել պարբերականներ: Ցանկալի կլինի, եթե այս տարեգրքում հաճախակի տեսնենք արցախցիների գիտական հոդվածները»,-նշել է Ն. Աղաբալյանը:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով էլ 2011 թվականից սկսած Արցախի մտավորականների հոդվածները տպագրվում են Հայկազյան հայկական հանդեսում:
«Կարևոր է, որ գիտական երկու կենտրոնների միջև կապն էլ ավելի ամրապնդվի, քանի որ այն ավելի մեծ նշանակություն կունենա հայապահպանության գործում: Այսօր Սփյուռքը հայ ինքնության պահպանման խնդիրների առջև է կանգնած և մեր համագործակցությունն իր ազդեցություննը կունենա այդ հարցերի լուծման գործում»,- ասել է Լ. Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա էին Բեյրութի Հայկազյան համալսարանի ներկայացուցիչներ, ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ և այլք: