Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին նվիրված գրքի շնորհանդեսը Դամասկոսում

Նոյեմբերի 11-ին Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադի հովանու ներքո Ասադի անվան գրադարանում Սիրիայում ՀՀ դեսպանությունը՝ «Դար էլ-Շարկ» հրատարակչության և Դամասկոսի «ՄԻԴԱԴ» ստրատեգիական հետազոտությունների գիտական կենտրոնի հետ համագործակցությամբ, կազմակերպեց Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր՝ չսպիացող վերք» գրքի շնորհանդեսը և Ղարաբաղյան հարցին նվիրված գիտական կոնֆերանսը։ Միջոցառմանը ներկա էին ՍԱՀ մշակույթի նախարարի ներկայացուցիչ, մշակույթի փոխանախարար Թաուֆիկ ալ-Իմամը, ՍԱՀ նախկին վարչապետ Մուստաֆա Միրոն, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավորներ, օտարերկրյա պետությունների դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, Սիրիայի մշակույթի և գիտության ասպարեզի ականավոր գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Կոնֆերանսի շրջանակներում ելույթ ունեցան ՍԱՀ ԺԺ պատգամավոր, «Դար էլ-Շարկ» հրատարակչության տնօրեն, գիտնական և հրապարակախոս Նաբիլ Տոմեն, ՍԱՀ ԺԺ սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար պատմաբան, հայագետ Նորա Արիսյանը և գրքի հեղինակ՝ ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը:

Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ Ասադի անվան գրադարանի տնօրեն Իյադ Մուրշիդը, ապա գիտաժողովը վարեց «ՄԻԴԱԴ» կենտրոնի տնօրեն Համես Զրեկը՝ ներկայացնելով գրքի հեղինակ դոկտոր Արշակ Փոլադյանի գիտական, դիվնագիտական և հրապարակախոսական գործունեությունը: Համես Զրեկը նշեց, որ դեսպան Արշակ Փոլադյանը մեծ և անջնջելի հետք է թողել հայ-սիրիական հարաբերությունների և հայ ու սիրիացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Նա հավելեց, որ Սիրիայում իր ակտիվ գիտական գործունեությամբ աչքի ընկնող դեսպան Փոլադյան հեղինակել և հրատարակել է շուրջ մեկ տասնյակ գիտական աշխատություններ հայագիտական և արևելագիտական տարբեր թեմաներով:

Իր ելույթում «Դար ալ-Շարկ» հրատարակչության տնօրեն Նաբիլ Տոմեն նշեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը մի ժողովրդի պատմություն է, որը չարագուշակ ուժերը հանիրավի խլեցին հարազատ հողից և որը, սակայն, չլռեց և չդադարեց պահանջել իր արդարացի իրավունքի իրացումը: Նաբիլ Տոմեն հավելեց, որ սիրիացի և հայ ժողովուրդները մշտապես կանգնած են միմյանց կողքին, որպես ընդհանուր անբաժան պատմական ուղի անցած, մշակութային, քաղաքակարթական և պատմական ամուր կապերով միավորված երկու ազգ: Եզրափակելով ելույթը՝ Նաբիլ Տոմեն բարձր գնահատեց հեղինակի ներդրումը Սիրիայում հայաճանաչության գործում, որի շնորհիվ արաբ ընթերցողը կարողացավ ծանոթանալ հայոց պատմության կարևոր անցքերին:

Իր խոսքում ՍԱՀ պառլամենտի պատգամավոր Նորա Արիսյանը համառոտ ներկայացրեց դոկտոր Արշակ Փոլադյանի մենագրությունը՝ նշելով, որ գիրքն իր տեսակի մեջ բացառիկ է, քանի որ այն Սիրիայում առաջին անգամ տպագրված աշխատություն է, որն արաբախոս ընթերցողին հնարավորություն է տալիս մայրենի լեզվով համապարփակ ծանոթանալ Ղարաբաղյան հիմնախնդրին:

Դեսպան Փոլադյանն իր խոսքում նշեց, որ Ղարաբաղյան հիմնահարցը հայ ժողովրդի՝ իր հայրենի հողի վրա ազատ և անկախ ապրելու արդար պահանջի խնդիր է: Նա ընդգծեց, որ Արցախը եղել է հայոց պատմական բնօրրանը և որևէ այլ երկիր պատմական, իրավական և բարոյական հիմքեր չունի պահանջելու այդ տարածքների սեփականատիրությունը: Դեսպանն ընդգծեց, որ Արցախում հայկական ներկայության մասին վկայում են պատմական բազմաթիվ փաստաթղթեր և հայկական մշակույթի հուշակոթողներ: Նա հավելեց, որ դեռևս 5-րդ դարում Ամարասում սկսեց գործել հայկական առաջին դպրոցը, որն անհերքելի ապացույց է Արցախում հայկական մշակութային և լեզվական ներկայության: Դեսպանը հավելեց, որ Արցախը Ադրբեջանի նորաստեղծ հանրապետությանը միացնելու 1921թ. հուլիսի 5-ի բոլշևիկյան կովկասյան բյուրոյի անարդար որոշումը հակասում էր Արցախի բնակչության շահերին և ազգային ձգտումներին: Անդրադառնալով ԽՍՀՄ փլուզմանը հետևած իրդարձություններին և Արցախում ու Հայաստանում ազգային ազատագրական պայքարին՝ Արշակ Փոլադյանը շեշտեց, որ Արցախյան շարժումը, իսկ այնուհետև Արցախյան պատերազմը երբևէ կրոնական երանգ չի ունեցել, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները մշտապես փորձեր են արել հակամարտությանը կրոնական երանգ հաղորդել և այդպիսով ձեռք բերել արաբա-մահմեդական աշխարհի աջակցությունը՝ կեղծելով փաստերն ու պատմական իրողություննները: Ավարտելով ելույթը՝ դեսպան Փոլադյանը նշեց, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի կայացած իշխանության ինստիտուտներ, մարտունակ ու ժամանակակից բանակ և ժողովրդավարական հասարակություն: Գիտաժողովի ընթացքում ցուցադրվեց նաև դեսպան Արշակ Փոլադյանի սցենարով պատրաստած Արցախի մասին վավերագրական կարճամետրաժ ֆիլմն արաբերեն լեզվով:

Գիտաժողովի ավարտին դեսպան Արշակ Փոլադյանը Սիրիայում ՀՀ դեսպանության պատվոգրեր հանձնեց Ասադի գրադարանին և «ՄԻԴԱԴ» կենտրոնին, իսկ «Դար ալ-Շարկ» հրատարակչությանը՝ երկարամյա հայանպաստ գործունեության և Սիրիայում հայոց պատմության լուսաբանման գործում մեծ ներդրում ունենալու համար, պարգևատրեց Սիրիայում ՀՀ դեսպանության ոսկե մեդալով: Ներկաները նաև հնարավորություն ունեցան ստանալու դոկտոր Փոլադյանի՝ Ղարաբաղյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ ազատամարտիկների լուսավոր հիշատակին նվիրված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր՝ չսպիացող վերք» գրքի օրինակներ՝ հեղինակի ստորագրությամբ:

Տեղեկանք․

Դեսպան Արշակ Փոլադյանի մենագրությունը գիտաճանաչողական աշխատություն է, այն առաջին անգամ արաբերեն լեզվով համապարփակ գիտելիք է տալիս հայ ժողովրդի պատմության առավել կարևոր խնդիրներից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին: Գրքում լիարժեք և համապարփակ ներկայացվում է Արցախի պատմության ողջ ընթացքը՝ սկսած հնագույն շրջանից մինչև մեր օրերը՝ ազգային ազատագրական պայքարը և հետպատերազմյան տարիները: Գրքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կովկասյան տարածաշրջան թյուրքական ցեղերի ներխուժման և թյուրքական գործոնի բացասական դերը Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում:

Հեղինակը նաև հանգամանալի անդրադարձ է կատարում Ցարական Ռուսաստանի անկման և կովկասյան երեք պետությունների անկախացմանը, երբ առաջին անգամ աշխարհի քարտզի վրա հայտնված Ադրբեջան պետությունը տարածքային նկրտումներ ներկայացրեց Արցախի հանդեպ և այնուհետև՝ Հայաստանում ու Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ՌԽՍՀ կովկասյան բյուրոյի կողմից Արցախը ադրբեջանի կազմի մեջ մտցնելու անարդար որոշմանը:

Գրքում ներկայացված են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական բնակչության դեմ բռնաճնշումները, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլ քաղաքներում հայկական ջարդերը, ինչպես նաև՝ Խոջալույի դեպքերի մասին ողջ իրականությունը: Դեսպան Փոլադյանի մենագրության մեջ տեղ են գտել Արցախյան հիմնախնդրին վերաբերող կարևոր փաստաթղթեր, ինչպես նաև՝ Արցախի բնակչության կազմի և թվաքանակի վերաբերյալ ժողովրդագրական որոշ տվյալներ:     

Մենագրությունը լայն արձագանք է ստացել Սիրիայի գիտական, մշակութային շրջանակներում և լայնորեն լուսաբանվել է սիրիական ԶԼՄ-ներում:

Scroll Up