Բրազիլիայից ժամանած պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

2019 թվականի մարտի 2-ին Հայաստանը մաս է կազմելու Բրազիլիայի ազգային կառնավալին: Նախաձեռնողը բրազիլական սամբայի ամենահեղինակավոր դպրոցներից մեկն է՝ Սան Պաուլո քաղաքի «Ոսկե վարդեր»-ը, որի պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին հյուրընկալվել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում: Բրազիլիայից ժամանած հյուրերին ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում էին Բրազիլիայի հայկական համայնքի ներկայացուցիչ Ներսես Յեգիներյանը, Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցի ատենապետուհի Նժելինա Բազիլիոն, սոցիալական հարցերով տնօրեն Վանեսա Դիաս Դե Օլիվեյրան, կոմերցիոն տնօրեն Կարլոս Ռենատո Կանդիդո Բառոսը, տնօրեն Էվանդրո Սուզա Սիլվան, մոդելավորող Անդրե Ֆեռեյռա Մաշադոն, ինչպես նաև պոլսահայ երգչուհի Սիբիլը:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը, Արտաքին գործերի նախարարության աշխատակից Մարիամ Գևորգյանը, «Հայ-բրազիլական մշակութային տնտեսական ֆորում» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Գևորգյանը, քարտուղար Անի Գևորգյանը, սփյուռքի նախարարության աշխատակիցներ:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը ողջունեց պատվիրակության անդամներին՝ կարևորելով նրանց կատարած աշխատանքը:

Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսը նշեց՝ ուրախ է, որ իր համաերկրացիների միջոցով միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին:

Հանդիպմանը «Ոսկե վարդեր»-ի ներկայացուցիչները մանրամասներ ներկայացրին կառնավալի ծրագրից՝ նշելով, որ 5 առանձին թեմաների միջոցով ներկայացնելու են հայ ժողովրդի հազարամյա պատմությունը, մշակույթը, անդրադառնալու են Հայոց ցեղասպանության թեմային, Բրազիլիայի հայկական համայնքին ու հայ-բրազիլական հարաբերություններին:

Ավարտին Բրազիլիայից ժամանած պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար:

Scroll Up