Ռումինիայի Կոնստանցա քաղաքում հանդիսավորությամբ նշվեց տեղի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
Հոկտեմբերի 21-ին մեծ շուքով նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը: Այդ առիթով ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատչյանի և տեղի ծխական խորհրդի հրավերով շուրջ 200 ուխտավորներ էին ժամանել Ռումանիոյ Հայոց թեմի մի շարք ծուխերից ու համայնքներից, ինչպես նաև Բուլղարիայի Շումեն քաղաքից:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվանից, առավոտյան ձեռամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի մատուցվեց Ս. Պատարագ, հավարտ որի, ծուխի արժանավոր զավակներից մեկը, հայտնի թատերագետ և մշակութային գործիչ Անահիտ Տավիտյանն արժանացավ Առաջնորդական օրհնության գրի և գնահատանքի, որում մասնավորապես ասված է. «Անահիդ Տավիտիանն այն անձնվեր հայորդիներից է, ով մշտապես և ամենուր բարձր է պահում հայի անունն ու պատիվը` հպարտության զգացողություններ ծնելով մեզանից յուրաքանչյուրի հոգում: Անուրանալի և անգնահատելի է այն վաստակը, որ 30 և ավելի տարիներ շարունակ ունեք Կոնստանցա քաղաքի թատրոնի և, ընդհանրապես, մշակույթի և արվեստի զարգացման գործում: Ձեր անմնացորդ նվիրումը, պրոֆեսիոնալիզմը և կատարելության հասնող պատասխանատու վերաբերմունքն իր պտուղներն է տվել և շարունակում է տալ` զարգացնելով ու աշխուժացնելով տեղի մշակութային կյանքը: Դուք արժանի հետնորդն եք նշանավոր Տավիտիան ընտանիքի` շարունակելով Ձեր նախնիների հայրենանվեր ու ազգանվեր գործը: Ուրախ ենք, որ չնայած Ձեր բազմազբաղ լինելուն, կյանքի և ընտրած ասպարեզի պարտադրած պարտականություններին, գործուն մասնակցություն եք բերում նաև Կոնստանցայի հայ եկեղեցու և հայ համայնքի հավաքական կյանքից ներս ընթացող իրադարձություններին՝ Ձեր կնիքը դրոշմելով ազգային և եկեղեցական ասպարեզի մեջ»:
Պատարագի ավարտից հետո եկեղեցու ընդարձակ պարտեզում կատարվեց մատաղօրհնություն և Սրբազանն իր օրհնությունը բաշխեց մատաղը պատրաստողներին, ներկա հավատավոր բազմությանը՝ քաջալերելով ու ոգեշնչելով բոլորին իրենց հետագա ծրագրերի իրականացման ճանապարհին՝ կարևորելով յուրաքանչյուր անհատի առաքելությունն ու նվիրական աշխատանքն իր կյանքի ընթացքում:
Պահպանելով հարյուրակներ ի վեր եղող ավանդությունը՝ այսօր էլ մատաղի պատրաստության ողջ գործընթացը Կոնստանցայում կազմակերպվում ու կատարվում է եկեղեցու պարտեզում, տեղի հայ համայնքի արժանավոր հայորդիների ձեռամբ: Օրհնությունից հետո մատաղը բաժանվեց ներկա ուխտավորներին:
Այնուհետև հյուրերը և բոլոր ներկաները շարժվեցին Իբիս հյուրանոցային համալիր, որի ընդարձակ «Պրեստիժ» սրահում Տաթև Սրբազանի օրհնությամբ, Տ. Օշականի ջանքերով և Ռումինահայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի հովանավորությամբ կազմակերպվել էր լուսանկարների ցուցահանդես` նվիրված տեղի հայ համայնքի եկեղեցական ու մշակութային ակտիվ կյանքին 1930-ականներից մինչև 1990-ական թթ.: Ցուցահանդեսը բաղկացած էր չորս ցուցադրություններից` «Կոնստանցայի հայկական դպրոցը», «Կոնստանցայի հայ համայնքի մշակութային ու թատերական կյանքը», «Դրվագներ Կոնստանցայի հայ համայնքի կյանքից» և «Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու մատաղօրհնության և ուխտի օր»: Բոլոր լուսանկարները Տ. Օշականի նախաձեռնությամբ տրամադրվել էին հենց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից, իրենց ընտանեկան արխիվներից, ինչի արդյունքում փաստորեն ի մի էր բերվել 20-րդ դարի Կոնստանցայի հայ համայնքի ակտիվ կյանքի բոլոր դրվագները` թատրոն, պարախումբ, երգարվեստ, հայկական դպրոց, մատաղօրհնություն և այլն:
Տոնական օրվան նվիրված բոլոր միջոցառումները լուսաբանելու էին եկել Ռումինիայի Հանրային հեռուստաընկերությունը Բուխարեստից, ինչպես նաև տեղական մամուլի ու ռադիոյի ներկայացուցիչները:
Ցուցահանդեսից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց միևնույն սրահին կից, ուր Ռումինահայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի կողմից պատրաստվել էր ճաշկերույթ և սիրո ճաշ: