«Վաշինգտոնի հոգևորականը տարբերվում է Հայաստանի հոգևորականից»
Այս տարի Վաշինգտոնում տոնել են հայ համայնքի կազմավորման 77-ամյակը: Մինչև Հայոց ցեղասպանությունը Վաշինգտոնում հայեր ապրել են, սակայն համախմբված հայ համայնք չի եղել: Հայերն այստեղ համախմբվել են թուրքական ջարդերից հետո: Հայերի երկրորդ մեծ հոսքը Վաշինգտոն սկսվել է Հայաստանի անկախությունից հետո:
Սփյուռքի գրեթե բոլոր եկեղեցիներն ունեն կից կառույցներ, որտեղ տեղակայված են կիրակնօրյա դպրոցը և տարբեր խմբակները: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցում սովորում է մոտ 80 երեխա: Նրանց 95%-ը Հայաստանից է: Կիրակնօրյա դպրոցում դասերն անցկացվում են շաբաթը մեկ անգամ: Երեխաները սովորում են հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն: «Սփյուռքում եկեղեցու դերը կարևոր է, որովհետև եկեղեցին միակ տեղն է, որտեղ ժողովուրդը հաճախ է այցելում: Գալով Վաշինգտոն` հայերը փորձում են հայկական ինչ-որ բան գտնել, և առաջին կապող օղակը հենց եկեղեցին է: Իզուր չէ, որ երբ հայերը գալիս են այստեղ և սոցիալապես անկայուն են լինում, անմիջապես եկեղեցի են գալիս, որ իրենց ուղղորդենք, օգնենք, որ ոտքի կանգնեն»,- ասում է քահանա Կարապետյանը:
Ամերիկայի թեմում ընդունված է, որ յուրաքանչյուր մկրտված մարդ, եթե եկեղեցու անդամ է և ցանկանում է լիարժեք մասնակցել եկեղեցու գործերին, որոշումների կայացման գործընթացին, պետք է եկեղեցուն տուրք վճարի: Այդ տուրքը կոչվում է տրատու, իսկ վճարողները` եկեղեցու տրատու անդամներ: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նույնպես ունի իր տրատուն` տարեկան 200 դոլար: Եկեղեցին ունի մոտ 300 տրատու անդամ: Սփյուռքում, հատկապես Վաշինգտոնում, եկեղեցու մեծությունը որոշվում է ոչ թե կառույցի չափերով, այլ տրատու անդամների թվով: Վաշինգտոնի եկեղեցին համարվում է «Միջին մեծության» եկեղեցի, իսկ Բոստոնի եկեղեցին` «Մեծ եկեղեցի», քանի որ մոտ 700 տրատու անդամ ունի: Փոքրերն ունեն 80-100 տրատու անդամ: Հավաքված գումարը ծախսվում է եկեղեցու կարիքների համար, ինչպես նաև որպես օգնություն է հատկացվում սոցիալապես անապահով հայ ընտանիքներին:
Տեր Հովսեփն ասում է, որ Վաշինգտոնի հայերն ունեն նույն խնդիրները, ինչ տեղացիները: Իբրև հոգևոր հովիվ` արդեն 4 տարի է, ինչ Վաշինգտոնում է, և հայերի հետ կապված լուրջ միջադեպերի կամ խնդիրների չի հանդիպել: «Այդ ընթացքում 2-3 դեպք է եղել, երբ հայերին բռնել են, և ես գնացել եմ բանտ, որ բարեխոսեմ, ինչ-որ չափով օգտակար լինեմ: Վաշինգտոնում հայերը կարգապահ և օրենք հարգող են: Վատ երևույթներն ավելի շատ տարածված են Կալիֆորնիա և հարակից նահանգներում: Փոքր հանցագործություններ այստեղ լինում են, բայց Ամերիկայում հանցավոր խմբավորումներում հայերի մասնակցությունը նոր երևույթ էր մեզ համար, որ մի քանի ամիս առաջ ի հայտ եկավ»,- ասում է Հովսեփ քահանա Կարապետյանը:
Այս տարի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին պատրաստվում է մեծ շուքով նշել Հայաստանի անկախության 20-ամյակը: Տոնակատարությունները պատշաճ կազմակերպելու համար եկեղեցուն կից ստեղծվել է մշակութային հանձնաժողով: Միջոցառումները կազմակերպվելու են հայ համայնքի և Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: Քահանա Կարապետյանի խոսքով` միջոցառումների առանցքում երեխաներն են լինելու, քանի որ ավագ սերունդը քիչ թե շատ գիտի Հայաստանի մասին. հիմա ավելի կարևոր է, որ երեխաները կրթվեն: «Երեխայի ծնողները, լինելով հայեր, զբաղվածության պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին հայկական ոգով դաստիարակել: Կա մի քանի պատճառ. երեխան գնում է ամերիկյան դպրոց, նրա բոլոր ընկերները ամերիկացիներ են, հայերենը գործածական չէ, իսկ տանը, եթե հայերեն խոսեն էլ, ապա 1-2 ժամ»,- ավելացնում է Հովսեփ քահանա Կարապետյանը:
Ըստ մեր զրուցակցի` եկեղեցին փորձում է քաղաքականությունից զերծ մնալ և չխառնվել հայաստանյան իրադարձություններին: Տեր Հովսեփն էլ չի ցանկանում եկեղեցական քաղաքական գործիչ լինել: Եկեղեցու դերը համարում է միայն հոգևոր սնունդ տալն ու դեպի Քրիստոս առաջնորդելը: «Եթե եկեղեցին մտնի քաղաքականության մեջ, իր իմաստն ու դերը կկորցնի: Եկեղեցին չպետք է մասնակցի քաղաքական գործընթացներին: Բացի այդ, մենք շատ հեռու ենք Հայաստանից: Դուք ապրում եք Հայաստանում, ձեր աչքերով տեսնում եք իրականությունը, իսկ այստեղ այլ ձևով ենք այդ ամենի մասին իմանում: Դժվար կացության մեջ կհայտնվի եկեղեցին, եթե քաղաքական հարցեր շոշափի և խառնվի Հայաստանի անցուդարձին»,- ասում է Տեր Հովսեփ քահանան: Նա համամիտ է, որ Հայաստանում հոգևորականների մի մասը զբաղվում է քաղաքականությամբ:
Հոգևոր հովվի կարծիքով` Հայաստանում եկեղեցին փորձում է իրեն վերագտնել, կորցրած արժեքները վերականգնել: Պատմականորեն Հայ Առաքելական եկեղեցին միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին: Տեր Հովսեփը կարծում է, որ այսօր այդ ազգային հատկանիշները կորել են: «Այստեղի հեգևորականն ու Հայաստանի հոգևորականը տարբերվում են իրարից: Հայաստանի հոգևորականը դեռ սովետի ժամանակներից ծիսակատար քահանա է եղել: Մեկը եկել, ասել է` տե´ր հայր, արի մեր մեռելին թաղի, կամ մկրտություն են արել, վերջում էլ քահանայի գրպանը գումար են դրել և ճանապարհել: Կամաց-կամաց փոխվում է, բայց հիմնականում այդ տեսակետը դեռ կա նաև ժողովրդի մեջ: Եթե ես այստեղ պիտի ամուսնության կարգ անեմ, մի քանի անգամ հանդիպում եմ զույգի հետ: Հայաստանում վիճակը այլ է. հոգևորականը ավելի հեռու է ժողովրդից»,- ասում է Տեր Հովսեփը:
Միևնույն ժամանակ նա հորդորում է լրագրողներին և Հայաստանի քաղաքացիներին, որ մի քանի հոգևորականի վատ արարքով Եկեղեցին չանվանարկեն, քանի որ Եկեղեցին ավելի վեհ գաղափար է, քան որևէ հոգևորականի անձը: