Երևանում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի լուսանկարների ցուցահանդեսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/10/2-5.jpg)
Հոկտեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» խորագրով ցուցահանդեսը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայք-էջին, հայտնում է, որ բազմաթիվ հյուրերի, լրատվամիջոցների, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ներկայությամբ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հանդիսավոր խոսքով բացեց ժամանակավոր ցուցադրությունը:
Միջոցառմանը ներկա էր նաև Գրիգոր Ճօլօլեանի որդին՝ Պատրիս Ճօլօլեանը, ով և ընդհանուր գծերով ներկայացրեց հոր գործունեությունն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ստամբուլում և իր շնորհակալությունը հայտնեց Հայկ Դեմոյանից ցուցադրությանն աջակցելու համար:Ցուցադրության մեծ ընդգրկված են ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարներ, որոնք ներկայացնում են 1930-40-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները: Ցուցադրվելու են նաև լուսանկարի ֆոտոխցիկները: Պոլսի որբանոցներից մինչև Ֆրանսիայի մայրաքաղաք, խոստումնալից մարզիկից մինչև ճանաչված լուսանկարիչ: Սա է Հայոց ցեղասպանությունը վերապրածի կյանքի ոդիսականը, կյանք, որտեղ կարող են արտացոլվել նմանօրինակ շատ ճակատագրեր:
Գրիգոր Ճօլօլեանն այն հայորդիներից էր, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, վերջնականորեն հանգրվանեցին Ֆրանսիայում՝ դառնալով ֆրանսիական մեծ ընտանիքի անդամը և, որպես օրինակելի ու ստեղծագործող քաղաքացի, իրենց ձեռագիրը թողեցին Ֆրանսիայի պատմության մեջ: Երբեմնի հաջողակ մարզիկը դարձավ լուսանկարիչ՝ շարունակելով մարզական լուսանկարչության ավանդույթները:
Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովը եզակի առիթ է ընձեռում հիշատակելու և ֆրանկոֆոն ընտանիքին ներկայացնելու հայ-ֆրանսիական պատմության ու հիշողության այս բացառիկ դրվագները: Ցուցադրության մեջ ներկայացվելու են նաև ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի եզակի լուսանկարները:
Լուսանկարները տրամադրել է լուսանկարչի որդին՝ ՀՑԹԻ բարեկամ Պատրիս Ճօլօլեանը:
Ժամանակավոր ցուցադրությունների մուտքն ազատ է և բաց կլինի մեկ ամիս:
Լուսանկարները՝ Մեդիամաքսի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի