Զապորոժիե քաղաքում բացվել է Հայոց այբուբենին նվիրված հուշարձան

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվող Հայկական մշակույթի օրերի շրջանակում հայկական եկեղեցու տարածքում հանդիսավորությամբ բացվել է հուշարձան՝ նվիրված հայոց այբուբենին: Ինչպես տեղեկացնում է analitikaua.net-ը, բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Զապորոժիեի մարզպետ Կոնստանտին Բրիլը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Զապորոժիեի շրջանի հայերի միության Արտաշես Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն, այն Հայաստանից դուրս ամենախոշոր հուշարձաններից է՝ նվիրված հայոց այբուբենին:
«Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից, շնորհավորում եմ հայ մշակույթի կարևոր և վառ խորհրդանիշերից մեկի բացման արարողության առթիվ, որն իր տեսակով միակն է Ուկրաինայի տարածքում: Զապորոժիե համայնքն իր աշխատանքով բարձր նշաձող է սահմանում և այս միջոցառումը դրա վառ ապացույցն է»,- նշել է Հովակիմ Հարությունյանը: