CNN TURK-ի եթերով առաջին անգամ ցուցադրվել է Սիբիլի «Միայն դու» տեսահոլովակը

Պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլը սեպտեմբերի 24-ին CNN TURK-ի հեռուստաընկերության հյուրն է եղել: Առաջին անգամ հեռուստաընկերության եթերում ցուցադրվել է նրա «Միայն դու»  արևմտահայերեն երգի տեսահոլովակը:

«Մեծ ուրախություն և հպարտություն էր, որ «CNN Turk»-ին համաձայնեց ցուցադրել իմ «Միայն դու» նոր երգի տեսահոլովակը: Միևնույն ժամանակ ցանկացա, որ ծրագրում հնչի կենդանի երաժշտություն և ես կատարեմ հայերեն երգեր: Առաջարկս հաճույքով ընդունվեց: Թուրք երաժիշտների ընկերակցությամբ՝ երգեցի «Իմ անուշ տավիղ» և «Կիլիկիա» երգերը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սիբիլը և նշեց, որ հեռուստաընկերության հաղորդավար Հաքան Սելիքն իր անձի հանդեպ մեծ հարգանք ունի և միշտ իր կողքին է:

«Իմ գրեթե բոլոր տեսահոլավակներն առաջին անգամ իր ծրագրի ընթացքում է ցուցադրել:  Երբ դիտեց տեսահոլավակը և լսեց երգը, շատ հավանեց ու ինձ և երաժիշտ Գոկսել Բակթագրին հյուր ընդունեց: Ծրագիրը գրեթե մեկ ժամ տևեց: Ինչպես ասացի, երգեցի երկու հայերեն երգ, ինչպես նաև խոսեցի հայկական մշակույթի և Հայաստանի մասին: Պատմեցի նաև թուրք երաժիշտների՝ Հայաստան կատարած այցի մասին, որը կազմակերպվել էր Melody For Harmony ծրագրի շնորհիվ: Խոսեցի նաև Հայաստանի ժողովրդի ջերմության և մտերմիկ վերաբերմունքի մասին: Իսկ վերջում հավելեցի, որ թեև դժվար է, բայց իմ մայրենի լեզուն ապրեցնելու համար եմ հայերեն երգում և երգելու եմ», -նշեց Սիբիլը:

Scroll Up