Եգիպտոսի «AL-AHRAM WEEKLY»-ի և «Al-Ahram Online»-ի հարցազրույցը Մխիթար Հայրապետյանի հետ

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցին ընդառաջ Եգիպտոսի Al-Ahram Weekly և Al-Ahram Online պարբերականները զրուցել են Մխիթար Հայրապետյանի հետ, որը թարգմանաբար ներկայացնում է «Հայերն այսօր»-ը: 

– Մեծարգո պարո´ն Հայրապետյան, Դուք ավարտել եք Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժինը: Առաջիկայում աշխատանքային այցով լինելու եք Մերձավոր Արևելքի հայկական համայնքներում: Կխնդրեի  ներկայացնել ձեր այցի մանրամասները և արդյոք որքանո՞վ այն արդյունավետ կլինի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: Խնդրում եմ նշեք, թե ո՞ր երկրներն եք պատրաստվում այցելել:

– Որպես արևելագետ՝ ինձ համար անչափ կարևոր են մերձավորարևելյան տարածաշրջանի համայնքներ այցելությունները: Այս այցից առաջ ես աշխատանքային այցով լինելու եմ Սիրիայում, հանդիպումներ եմ ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթանալու եմ Սիրիայի հայ համայնքի ներկա վիճակին, պատերազմի ընթացքում կրած վնասներին և առկա խնդիրներին: Պատերազմի հետևանքով Սիրիայի, մասնավորապես Հալեպի հայ համայնքը հայտնվել է տնտեսական լուրջ դժվարությունների առջև: Մեծապես տուժել է Սիրիայում հայկական հարուստ հոգևոր-մշակութային ժառանգությունը, որը դարձել է ահաբեկչական գործողությունների և վանդալիզմի զոհ: Այնուհետև աշխատանքային այցով կլինեմ Լիբանանում, հանդիպումներ կունենամ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իր կազմակերպվածությամբ, համախմբվածությամբ լիբանանահայ համայնքը շարունակում է մնալ օրինակն այն բանի, որ հնարավոր է ապրել հայրենիքից հեռու ու մնալ հայ, խոսել հայերեն, հաճախել հայկական դպրոց ու հայկական համալսարան, հիմնել բարեգործական, մշակութային և մարզական կազմակերպություններ, ունենալ հարուստ հայալեզու մամուլ ու գրականություն: Հարուստ ու ոչ պակաս հետաքրքիր համայնք է նաև երգիպտահայ համայնքը: Եգիպտահայ համայնքում են հիմնադրվել Սփյուռքի երկու նշանավոր համազգային կառույցները, որոնք ցայսօր շարունակում են իրենց ազգանպաստ գործունեությունը։ Այդ կառույցներից մեկը 1906թ. Կահիրեում հիմնադրված Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) է, մյուսը՝ 1928թ. կրկին Կահիրեում հիմնադրված Համազգային հայ կրթական և մշակութային միությունը։

Ընդհանրապես, Մերձավոր Արևելքի երկրներում Հայոց ցեղասպանությունից հետո մեր հայրենակիցները փրկություն և ապաստան գտան, ամրացան ու ոտքի կանգնեցին:

–  Առաջիկայում Եգիպտոսում անցկացվելու է հայկական մշակութային շաբաթ: Ի՞նչ եք քննարկել Եգիպտոսի ձեր գործընկերոջ հետ այցելությունից առաջ: Ի՞նչ օրակարգ է սպասվում այցի ընթացքում:

– Հուլիսին պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում էի, որտեղ հանդիպումներ ունեցա նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Կիպրոսի հանրապետության նախագահի՝ հումանիտար և արտերկրում բնակվող կիպրացիների հարցերով հանձնակատար պարոն Ֆոտիս Ֆոտիուի, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի և Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամի հետ: Վերջինս հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման, սփյուռքների հարցերի շուրջ գործակցության մեկնարկի ցանկություն հայտնեց: Հաշվի առնելով հեռանկարները՝ ես պատրաստակամությամբ ընդունեցի համագործակցության առաջարկը: Կիպրոսի նախագահի առաջարկով՝ որոշեցինք Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին ներգրավել նաև հայաստանյան կողմին:

Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 24-28-ը պաշտոնական այցով լինելու եմ Կահիրեում: Այցս բավական հագեցած օրակարգ ունի, որի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Եգիպտոսի ամենահեղինակավոր հեռուստահաղորդավարներից մեկի՝ Օսամա Քամալի հետ հարցազրույց, հանդիպում Եգիպտոսում հունական համայնքի ղեկավարների հետ, հայ համայնքին նվիրված պաշտոնական արարողություն, հանդիպումներ Եգիպտոսի թեմի հոգևոր առաջնորդ տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ Կահիրեում և Ալեքսանդրիայում, ճանաչողական այցեր և այլն:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների հարցերով նախարարության հովանավորությամբ իրականացվող «Վերադարձ դեպի մեր արմատները» նախաձեռնությանը: Որքանո՞վ այն արդյունավետ կլինի երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններում:

– Ողջունում եմ նախարար Նաբիլա Մաքրամի կողմից ՝ նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հովանավորությամբ նախաձեռնված «Nostos – The Return» ծրագիրը, որն ուղղված է Եգիպտոսում հույների և կիպրացիների երկրորդ և երրորդ սերունդների՝ իրենց եգիպտական արմատներին վերադարձը կազմակերպելուն: Համոզված եմ, որ ծրագրում եգիպտահայ համայնքի ընդգրկումը օրըստօրե ծերացող և նոսրացող հայ համայնքի երիտասարդությանը նույնպես Եգիպտոսում իր արմատներին կվերադարձնի՝ պահպանելով դարերի պատմություն ունեցող համայնքը:

– Մեծարգո պարո´ն Հայրապետյան, որպես սփյուռքի նախարար՝ ինչպե՞ս կգնահատեք վերջին տարիներին հայրենադարձության փաստը Հայաստանում, արդյոք ավելացե՞լ է հայրենադարձների թիվը: Պատրա՞ստ է Հայաստանը ընդունելու հայրենադարձվածների մեծ ալիք հայկական սփյուռքից: Ի՞նչ ունենք նրանց առաջարկելու և որքանո՞վ նրանք կարևոր, արդյունավետ կարող են լինել Հայաստանի տնտեսության համար:

– Թավշյա հեղափոխությունից հետո մեր բազմաթիվ հայրենակիցներ վերադարձել են հայրենիք բնակության կամ նախապատրաստում են իրենց վերադարձը, հետաքրքրված են Հայաստանի ամենօրյա կյանքով, զանգահարում են, այցելում ու նամակներ գրում մեզ: Կառավարության ծրագրում ևս հստակ նշված է, որ հայրենադարձությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդագրության, անվտանգության բարելավման և այլ գործընթացների համար կարևոր նախապայման է: Սփյուռքի նախարարությունը հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացնում է իրավական ու ծրագրային աշխատանքներ: Սակայն երբ խոսում ենք հայրենադարձության մասին, նախևառաջ նկատի ունենք հայրենադարձության ինստիտուցիոնալ կազմակերպումը, երբ պետությունն ինքն է կոչ անում վերադառնալ՝ ստեղծելով անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներն ու պայմանները: Այս առումով մենք դեռ պատրաստ չենք մեծ ներգաղթի: Բաց, ուրախ ու սրտացավ ենք յուրաքանչյուր եկողի համար, սակայն վերոնշյալ հստակ համակարգային մեխանիզմների բացակայության պատճառով՝ պետությունը դեռ չի կարող մեծաթիվ, հարյուր հազարավոր հայրենադարձների ընդունել, պայմաններ ստեղծել, բացառել բոլոր ռիսկերը ու ամբողջապես նպաստել նրանց սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ինտեգրմանը: Շատ սփյուռքահայեր այսօր էլ ներդրումներ են կատարում Հայաստանում, հիմնում իրենց բիզնեսը հավասար պայմաններում՝ վստահ լինելով, որ պետությունն ու օրենքը կանգնած են իրենց թիկունքին:

– Ինչպիսի՞ն է Սփյուռքի նախարարության ապագա պլանները՝ ուղղված հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդմանը: Ի՞նչ ծրագրեր, պաշտոնական միջոցառումներ ունեք ձեր երկրում այդ ուղղությամբ:

– Տիկին Մաքրամի հետ Նիկոսիայում արդեն իսկ քննարկել ենք սփյուռքի հարցերով երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարները և մեր նախարարությունների  համագործակցության շրջանակները, միաժամանակ հայտնում ենք, որ   «Nostos – The Return» ծրագրի շրջանակներում ստորագրվելու է քառակողմ համաձայնագիր՝ Հայաստանի, Եգիպտոսի, Հունաստանի և Կիպրոսի միջև: Ինչ վերաբերում է միջոցառման կազմակերպմանը, ապա ՀՀ կառավարության անունից հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանում եգիպտացիների մեծարման միջոցառում կազմակերպելու վերաբերյալ:

– Ինչպե՞ս եք աջակցում այն փոքրաթիվ եգիպտահայերին, որոնք իրենց ընտանիքներով աշխատում և բնակվում են Հայաստանում և այն եգիպտահայերին, որոնք վերջին տարիներին են տեղափոխվել Հայաստան:

– Սփյուռքի նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում փորձում է առավելագույնս աջակցել Հայաստանում հաստատված փոքրաթիվ եգիպտահայերին: Ցանկանում եմ շեշտել, որ յուրաքանչյուր հայրենադարձ, յուրաքանչյուր սփյուռքահայ մեզ համար կարևոր է, մենք փորձում ենք ուղղորդել նրանց և հարկ եղած դեպքում տրամադրել համապատասխան խորհրդատվություն:

– Մեծարգո պարո´ն Հայրապետյան, ի՞նչ ծրագրեր, հեռանկարներ ունենք Հայաստանում եգիպտացիների զբոսաշրջությունն աշխուժացնելու և ներդրումները խթանելու ուղղությամբ: Ձեր տեսանկյունից ինչպե՞ս է հնարավոր այդ ամենն իրականացնել:

ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ ՀՀ կառավարության անունից միայն կողջունի նմանատիպ նախաձեռնությունը: Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ հայաստանցիների համար Եգիպտոսն ամենասիրելի զբոսաշրջային ուղղություններից է: Ուրախալի կլիներ նաև, եթե եգիպտացիների համար ևս Հայաստանը բացահայտված լիներ իր աներևակայելի գեղեցիկ բնությամբ, մարդկանցով ու հարուստ պատմությամբ: Խորացնելով կապերը՝ վստահ եմ՝ մենք կհասնենք փոխճանաչության այդ աստիճանին: Ինչ վերաբերում է ներդրումներին, Հայաստանի նոր կառավարությունը միայն ողջունում է նմանատիպ նախաձեռնությունները և պատրաստ է պաշտպանել ներդրողների շահերը՝ օրենքի գերակայությամբ ու հավասարությամբ:

– Պարո´ն նախարար, Ձեր կարծիքով հնարավո՞ր է Սփյուռքի նախարարության ջանքերով կանխել արտագաղթը Հայաստանից:

– Այսօր մենք ունենք ժողովրդավարության ուղիով քայլող, մարդուն և օրենքի գերակայութունը բարձրագույն արժեք հռչակած պետություն, որի ղեկավարությունը փորձում է անել իր լավագույնը՝ յուրաքանչյուր բնակչի համար: Ես, լինելով թավշյա հեղափոխության մասնակիցներից մեկը, պայքարելով իմ երկրի բարեկեցիկ ներկայի ու ապագայի համար, ի վերջո լինելով Հայաստանի կառավարության կազմում, իմ ամենօրյա աշխատանքով, նվիրումով ու պատասխանատվությամբ փորձում եմ նպաստել Հայաստանի զարգացմանը, այն Հայաստանի կառուցմանը, որի բնակիչները ավելի լավ ապագայի հավատով այլևս չեն լքի իրենց երկիրը:

Հարցազրույցը՝ Նորա Քոլոյան-Քյուհնելյանի

Scroll Up