ՀՀ անկախության տարեդարձին նվիրված ամենամեծ եվրոպական միջոցառումը՝ Ժնևում
Շվեյցարիայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշտական ներկայացուցչության բարձր հովանու ներքո հոկտեմբերի 12-ին Ժնևի հողինակավոր «Վիկտորիա» համերգասրահում տեղի կունենա «VIVA CELLO»՝ «Լավագույն ստեղծագործություններ թավջութակի համար» խորագրով համերգ՝ նվիրված Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին և Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «ԱՎԵՏԻՍ» մշակութային ասոցիացիայից, սա բացառիկ ծրագրով երեկո է, որը բաղկացած է թավջութակի համար գրված գլուխգործոցներից՝ երկու վիրտուոզ թավջութակահարներ՝ ֆրանսիացի Էդգար Մորոյի և մեր հայրենակից Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ, որոնք կկատարեն Սեզար Ֆրանկի և Դմիտրի Շոստակովիչի հանրաճանաչ սոնատները: Համերգի ընթացքում այս երկու երաժիշտների հետ միասին դաշնամուրի մոտ կլինի ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ծրագրում ներառված են նաև Չայկովսկու, Շոպենի, Մասնեյի, Ֆորեյի, Սեն-Սանսի, Պագանինիի, Պիացոլայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր է, 22 տարեկան հասակից նվագել է աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ և համարվում է իր սերնդի լավագույն թավջութակահարներից մեկը: 23-ամյա Էդգար Մորոն, ում Ֆրանսիայում անվանում են «Թավջութակի Փոքրիկ իշխան», համարվում է դասական կատարողական արվեստի ապագա մեծ անուններից մեկը: Երկուսն էլ նվագում են Դավիթ Թեքլերի թավջութակների վրա, Նարեկը՝ 1698 թ., Էդգարը՝ 1711 թ.: Հայկ Մելիքյանը Օռլեանի դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է և համարվում է ժամանակակից երաժշտության աշխարհի լավագույն կատարողներից մեկը:
«ԱՎԵՏԻՍ» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան ստեղծվել է 2011 թ., որի նպատակն է Շվեյցարիայում ներկայացնել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի աշխարհահռչակ երաժիշտ-կատարողների: Ժնևի «Վիկտորիա» համերգասրահում մինչ օրս հանդես են եկել այնպիսի հանրաճանաչ անուններ, ինչպիսիք են՝ Սերգեյ Խաչատրյանը, Բարսեղ Թումանյանը, Վագ Պապյանը, ինչպիս նաև Մաքսիմ Վենգերովը, Խատիա Բունիատիշվիլին, ովքեր առաջին անգամ հնչեցրել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Խաչատրյանի ստեղծագործությունները: ԱՎԵՏԻՍԻ-ի առաջիկա աշնանային համերգաշրջանում ելույթ կունենան մերօրյա մեծանուն աստղեր՝ սոպրանո Անգելա Ջորջուն, դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և այլք:
«ԱՎԵՏԻՍ» մշակութային ասոցիացիան՝ Ժնև քաղաքի դասական երաժշտության համերգների լավագույն կազմակերպիչներից մեկը, որի հիմնադիր-տնօրենը և գեղարվեստական ղեկավարն է շվեյցարաբնակ հայազգի անվանի օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանը, ներկայացնում է իր առաջիկա համերգը «VIVA» խորագրով: «VIVA Վիվալդի»-ից, «VIVA Callas»-ից, «VIVA Opera»-ից հետո այժմ հերթը հասավ «VIVA Cello»-ին: Համերգը կկայանա Ժնևի հեղինակավոր «Վիկտորիա» համերգասրահում: