Նպաստավոր պայմաններ՝ Սպահանի պետական համալսարանի Հայոց լեզվի և գրականության բաժնում ուսումը շարունակել ցանկացողների համար

Սպահանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի, Թեմական և Համալսարանական կրթաթոշակների հոգաբարձության խորհուրդների որոշումների հիման վրա նպաստավոր պայմաններ են ստեղծվել Սպահանի պետական համալսարանի Հայոց լեզվի և գրականության բաժնում ուսումը շարունակել ցանկացող իրանահայ զավակների համար:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ Սպահանի պետական համալսարանի ավելի քան 50 տարվա անցյալ ունեցող Հայոց լեզվի և գրականության ամբիոնի հիմնադրման և բարգավաճման, ինչպես նաև ֆակուլտետի շենքի կառուցման գործում իր դերակատարությունն ու ներդրումն է ունեցել Սպահանի Հայոց թեմի ազգային իշխանությունը: Դժբախտաբար, վերջին տարիներին ֆակուլտետի աշխատանքների սահուն ընթացքը խանգարել են երկու հանգամանք` ամբիոնի գիտական խորհրդում դոկտորական աստիճանով դասախոսների և բավարար թվով ուսանողների պակասը:

Ամբիոնի պատասխանատուների նախաձեռնությամբ քայլեր են իրականացվել դասախոսական կազմի համալրման ուղղությամբ, ըստ որի՝ արտոնագիր ունեցող երկու ուսանողներ (մեկը հայ) ներկայացվել են Երևանի պետական համալսարան` դոկտորական մակարդակում ուսանելու: Այս հարցին ժամանակավորապես լուծում տալու նպատակով` թեմի ազգային իշխանության համագործակցությամբ և հովանավորությամբ Հայաստանից հրավիրվել են դասախոսներ:

Հայոց լեզվի և գրականության ճյուղում ընդունվելու պայմաններին ծանոթանալու համար Թեմական խորհրդի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին Սուրբ Ամենափրկիչ վանքի «Ծաղկյա» դահլիճում կայացավ հանդիպում, որին ներկա էին Նոր Ջուղայի և Շահինշահրի հայ համայնքներից անդամներ, հատկապես՝ երիտասարդներ:

Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի անդամ Սոնիկ Բաղումյանը հակիրճ ներկայացրեց այս ճյուղն ավարտածների համար Իրանում և Հայաստանում առկա աշխատանքային հնարավորությունները:

Այնուհետև դոկտոր Նորայր Թումանյանը, որը ևս Թեմական խորհրդի անդամ է և հանդիսանում է թեմի Համալսարանական կրթաթոշակների հոգաբարձության խորհրդի նախագահը, անդրադառնալով ամբիոնի ներկա դժվարություններին՝ լուսաբանեց այն նպաստավոր պայմանները, որոնք ստեղծվել են ազգային իշխանության կողմից` այս ճյուղում առավել չափով հայ ուսանողներ ընդգրկվելու համար:

Այսպես, Հայոց լեզու և գրականություն ճյուղում ուսանել ցանկացողները պետք է ունենան միջնակարգ դպրոցի դիպլոմ, իսկ արվեստի դպրոց ավարտածները` որևէ ճյուղի գերդիպլոմ: Ընդունվելու համար հարկավոր է մասնակցել ընդհանուր մրցույթի շրջագծում օտար լեզուների բաժնի մուտքի քննությանը: Քննությունը չհաջողելու պարագայում հաշվի է առնվում մասնակցի հայ լինելը, ինչի շնորհիվ էլ հնարավորություն է ընձեռվում ուսումը շարունակելու համար:

Հայոց լեզվի և գրականության ճյուղում կրթվելն անվճար է, սակայն Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհուրդն այս ճյուղի իրանահայ ուսանողներին հատկացնելու է մեկ միլիոն թուման նյութական օժանդակություն` յուրաքանչյուր կիսամյակի համար: Բոլորը կարող են օգտվել այս նպաստավոր հնարավորությունից, բացառաբար այն անհատները, որոնք նախապես արտոնագիր են ստացել Իրանի որևէ պետական համալսարանից:

Հավելենք, որ լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Սպահանի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենյակ:

Scroll Up