Սփյուռքի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն
Հուլիսի 24-27-ը ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում՝ Նիկոսիայում անցկացվող «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ին, ինչպես նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով Սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում է նաև Սփյուռքի նախարարության մամլո քարտուղար Նունե Այլանջյանը:
Այցի առաջին օրը նախարարը կհանդիպի Կիպրոսի նախագահի՝ Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ: Կքննարկվեն հայ-կիպրական հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հուլիսի 25-ին նախարարը կայցելի Նիկոսիայի «Makedonitissa» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, որտեղ ծաղկեպսակ կդնի՝ իր հարգանքի տուրքը մատուցելով 1974թ. հուլիսին Թուրքիայի զորքերի կողմից Կիպրոս ներխուժման արդյունքում կիպրացի և հույն զոհվածների հիշատակին:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի պատվիրակությունը կհանդիպի նաև ՀԲԸՄ Նիկոսիայի գրասենյակի ղեկավար կազմի, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանի հետ, այնուհետև նրանց ուղեկցությամբ կայցելի «Մելքոնյան» կրթական հաստատություն:
Նույն օրը՝ երեկոյան, նախարարի պատվիրակությունը Նիկոսիայի Ֆիլեքսոնիա կենտրոնում կմասնակցի «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ի բացման արարողությանը:
Հուլիսի 26-ին՝ առավոտյան նախարարը կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, կմասնակցի Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը:
Նույն օրը Սփյուռքի նախարարը կհանդիպ Հունաստանում և Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի հետ, իսկ երեկոյան կմեկնի Նիկոսիայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, հանդիպումներ կունենա տեղի հայ համայնքի և կառույցների ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 27-ին կավարտվի նախարարի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: