ՊՆ ղեկավարն ու Սիրիայի դեսպանը քննարկել են ՀՀ կողմից հայ համայնքին հնարավոր աջակցության եղանակները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեսպանը պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում տիրող ռազմական և տնտեսական իրավիճակը: Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար:
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել Սիրիայում բնականոն կյանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ և նշել, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը:
Քննարկվել են նաև Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ: