Սփյուռքահայ երիտասարդներն Արցախում փորձուսուցում են անցնում

ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության նախաձեռնությամբ այս ամառ սփյուռքահայ երեք երիտասարդներ փորձուսուցում են անցնում Արցախում: Ինչպես նշում է Արցախում կամավորական աշխատանք կատարող խմբի պատասխանատու Էմիլիա Տեր-Սարկիսյանը, գաղափարն առաջացել է մի քանի տարի առաջ:

«Սփյուռքում մեծ հետաքրքրություն կա Արցախի նկատմամբ, բայց տարբեր ծրագրերով այստեղ ժամանելու շատ քիչ հնարավորություններ կան: Մեծամասամբ այցելում են մի քանի օրով՝ ծանոթանալու, որը շատ քիչ է Արցախը լիովին ճանաչելու համար և հիմնականում մակերեսային է»,- aparaj.am-ի հետ զրույցում նշել է Էմիլիան:

Արցախում ՀՅԴ ԱՄՆ երիտասարդական միությունը խոշոր ծրագիր է իրագործում՝ բակային ճամբարների ծրագիրը, սակայն այն միայն երկու շաբաթ է տևում: Մի ուրիշ ծրագիր էր պետք Արցախն ավելի լավ ճանաչելու համար: Բացի դրանից, Հայաստանի տարբեր մարզերում նմանատիպ ծրագրեր էին արվում, որոնցից Արցախը դուրս էր մնում: Եվ ահա կազմավորվեց հանձնախումբ և Արցախում փորձուսուցում անցնելու ծրագիրը կամաց-կամաց իրականություն դարձավ:

«Նախորդ տարի պիտի գայինք, բայց կազմակերպական մի շարք հարցեր կային, և հետաձգեցինք ավելի լավ պատրաստվելու համար»,- մանրամասնում է Էմիլիան: 2018թ. հունվար ամսից արդեն մասնակցության համար հայտարարություն էր տարածվել: Ճիշտ է՝ Արցախում ծրագրին մասնակցել ցանկացողները շատ էին, բայց նրանցից ընտրվել են երեք հոգի: Էմիլիան աշխատում է «Սիներջի Սիսթեմս» ընկերությունում, ծրագրի մյուս մասնակից Մանե Գրիգորյանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, իսկ Սևակ Ինջեյանը՝ Արցախի Հանրապետության Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունում: Երիտասարդները ոլորտներն ընտրել են ըստ իրենց մասնագիտությունների և նախասիրությունների:

Փորձուսուցումը տևելու է 6 շաբաթ՝ հունիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբ:

Երիտասարդները գոհ են ծրագրի ընթացքից, ստացած գիտելիքներից ու ձեռք բերած փորձից, և հույս ունեն ընձեռնված հնարավորության շնորհիվ ոչ միայն ավելի լավ ճանաչել Արցախն ու արցախցիներին, այլ ավելի մասնագիտանալ իրենց բնագավառներում, նոր փորձառություն ու մասնագիտական որակներ ձեռք բերել:

Scroll Up