Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև է դրվել քննարկման

Ավստրալիայի դաշնային խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության առնչվող բանաձևի քննարկումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Քննարկման դրված բանաձևը ճանաչում է «մարդասիրական հատուկ ջանքերը, որը Ավստրալիան գործադրել է՝ հանուն Հայոց ցեղասպանության վերապրածների և որբերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում և հույների ու ասորիների»:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նշում է, որ խորհրդարանի երկու կուսակցությունների կողմից բանաձևին ցուցաբերվող աջակցությունը վկայում է այն մասին, որ Ներկայացուցիչների պալատը կարևոր քայլ է ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
Բանաձևը ներկայացրած պատգամավոր Տրենտ Ցիմերմանը նշել է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց օգնության եկած ավստրալացիների՝ մենք ուղերձ ենք հղում առ այն, որ 1915 թվականին սկսված իրադարձությունները պատմության ընթացքում տեղի ունեցած սովորական դեպքեր չեն: Եթե մենք ձախողենք հայերի դեմ իրականացված չարիքի ճանաչման հարցում, մենք կաջակցենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են մերժել մարդու ամենակարևոր իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը»: