Ալֆորվիլի «Նուռ» վարժարանի տարեվերջյան միջոցառումը

Հունիսի 6-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում տեղի ունեցավ «Նուռ» վարժարանի սաների տարվա վերջին հանդեսը, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ «Նուռ» վարժարանի հիմնադիր տնօրեն Սոնա Սուրեկենը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են վարժարանից, «Նուռ» ֆրանսահայ միության և համանուն վարժարանի առաքելությունը հայապահպանությունն է՝ աշակերտներին փոխանցել հայեցի դաստիարակություն, ծանոթացնել մեր պատմությանն ու մշակույթին:

«Նուռ» վարժարանի սաները ամբողջ տարվա ընթացքում ուսումնասիրել են Ոսկեղենիկ մայրենին, սովորել գեղանկարչության գաղտնիքները, ծանոթացել քանդակագործությանը, պատմությանը, գրականությանը,հայրենագիտությանը և մի շարք այլ առարկաների: Այս մանկավաժական ծրագրի հեղինակը «Նուռ» վարժարանի տնօրեն, ուսուցչուհի Սոնա Սուրեկենն է, ով այս տարվա ընթացքում արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի գործի դպրոցը,հայ աշակերտները լինեն տառաճանաչ, սովորեն մայրենին:

Աշակերտների ծնողները գոհ և ուրախ հայտնեցին, որ այսպիսի վարժարան դեռևս չի գործել Փարիզի Ալֆորվիլ արվարձանում, կրթօջախ, որտեղ իրենք զգացին հայի շունչը:

Գրիգոր Սուրեկենը, ում ֆինանսական աջակցության շնորհիվ հիմնադրվել և գործում է վարժարանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին, «Նուռ» վարժարանի կամավորներ՝ Նարե Թադևոսյանին, Ալեքսան Հայրիկյանին, Մարինե Հակոբյանին, որոնք իրենց ժամանակը ներդրեցին վարժարանի գործունեությանը և բնականոն ընթացքին:

Այս տարի վարժարանի սաները մասնակցել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Ազատ Արցախ» մրցույթին, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած մանկապատանեկան գեղանկարչական 8-րդ մրցույթ-փառատոնին՝ «Հայաստանի 12 մայրաքաղաքները» խորագրով:

Վարժարանը շարունակում է իր գործունեությունը նաև Արնուվիլ և Լը Պլեսի Ռոբանսոն քաղաքներում և մանկավարժական նոր կազմով՝ սիրով սպասում նոր ուսումնական տարվան:

Scroll Up