Բեյրութի Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը

Լիբանանում ՀՀ դեսպանության և Բեյրութի Հայկազյան համալսարանի հովանու ներքո համալսարանի «Մաթոսյան» սրահում հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի Փոլ Հայդոստյանը և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով դեսպանության ֆեյբուքյան էջին, հայտնում է, դեսպանն իր խոսքում բարձր գնահատեց Ա. Ավետյանի ստեղծագործական ինքնատիպությունը, բազմազան արտահայտչամիջոցների համակցման վարպետությունը: Նա արվեստագետին մաղթեց արդեն իսկ տասնամյակների բեղուն ստեղծագործական աշխատանքի շարունակություն: Ս. Մկրտչյանը նաև երախտագիտություն հայտնեց վերապատվելի Փ. Հայդոստյանին՝ Հայկազյան համալսարանի կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության համար:
Ա. Ավետյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և իր արվեստին ուղղված գնահատանքի խոսքերի համար:
Ցուցահանդեսում ներկայացված են թվով 26 ստեղծագործություններ. մինչ հունիսի 16-ը ցուցահանդեսի դռները բաց են լինելու արվեստասեր հանրության համար:

Scroll Up