Սարդարապատի զանգերի ղողանջով. միջոցառում Օդեսայի հայկական կիրակնօրյա դպրոցում

Զանգերի հաղթական ղողանջի ներքո բեմ բարձրացան «Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ» գրական-ազգագրական ստուդիայի սաներից երեքը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն հանդերձներով, պատկերելով «համանվագ մի եռագույն»՝
Արհավիրքներ բազում տեսած՝
Իմ Հայաստան երկրի ոգի,
Արյան գնով դու ձեռք բերված՝
Հևքը անկախ Հայաստանի։
Այսպես մեկնարկեց «Սարդարապատ-100» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր համաժողովրդական մեծ հերոսամարտի և հայոց պետականության վերականգման մեկդարյա հոբելյանին։ Այն կազմակերպել էր Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա կրթօջախի տնօրեն, վերոհիշյալ ստուդիայի գեղարվեստական ղեկավար Էլեն Պողոսյանը՝ երգչուհի, երգուսույց Սիրանուշ Մինասյանի աջակցությամբ։
Ներկա էին համայնքի ղեկավարությունը, հոգևոր դասի ներկայացուցիչները, եկեղեցական վարչության ատենապետն ու անդամները, պարզապես հայրենասեր օդեսահայեր։
Ոգևորող, խանդավառող՝ հայրենասիրական այս միջոցառումը հագեցված էր բեմականացված դրվագներով, որոնցում առկա էր տվյալ ժամանակաշրջանի շունչը, ոգին: Ասես, ներկա էինք ոչ թե միջոցառման, այլ՝ փաստավավերագրական ֆիլմի ցուցադրման։
Ինչպես 100 տարի առաջ՝ ղողանջեցին կոչնակները և կենաց ու մահու կռվի ահազանգ տվեցին, քանզի վերստին՝
Արարատ լեռան հայացքի տակ ծեր՝
Բիրտ յաթաղանն էր վայրի շառաչում…
Ստուդիայի սաները հանդիսատեսին վարպետորեն ի ցույց դրեցին տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները՝ ներկայացնելով հայ ժողովրդի խիզախությունն ու միասնականությունը, հոգևոր դասի, ռազմական ու պետական գործիչների՝ հայրենիքին նվիրվածությունն ու տաղանդը։
Արթուր Սեդրակյանը պաթոսով ընթերցեց զորավար Մովսես Սիլիկյանի կոչը, որի արձագանքը եղավ «Զարթի՛ր, լաո՛» երգը։ Նրա տագնապալից, բայց խրոխտ ռիթմերի ներքո մուտք գործեցին ստուդիայի կրտսեր սաները։ Բեմահարթակի վրա պատկերվեց ժողովրդական համախմբվածության տեսարան, չէ՞ որ մայիսյան այս օրերին տեղի ունեցած հերոսամարտերում. կռվում էին բոլորը՝ զինվորները, աշխարհազորայինը, կանայք, տղամարդիկ։ Ժողովուրդն էր կռվում՝ վերստին հավաստելով Ավարայրի խորհուրդը՝ «Մահ իմացյալ անմահություն է, մահ ոչ իմացյալ՝ մահ»։
Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի դերում էր Վահան Պողոսյանը։ Ըստ իս՝ նրան հաջողվեց իրավացի, անթերի մատուցել աձնազոհության պատրաստ Սրբազանի գործունեությունը, ում խոսքերը միախառնվելով զանգերի ղողանջներին՝ դարձել էին հորդոր, սուրբ մղում, կռվի երգ ու հայրենականչ։
Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը ձգտում էր հնարավորինս ճշմարտացի ներկայացնել՝ ժողովրդին հանուն հայրենյաց պայքարի տանող, նրա ըմբոստացումը խանդավառող առաջնորդների կերպարները, վասնզի հայ ժողովրդի ազատագրական պայքարը ծնել է ազգային հերոսների՝ հոգևոր ու պետական այրերի, տաղանդավոր ռազմական գործիչների մի վառ աստղաբույլ՝ Գարեգին Սրբազան, Մովսես Սիլիկյան, Պողոս և Դանիել Բեկ- Փիրումյաններ, Թովմաս Նազարբեկյան, Անդրանիկ Օզանյան, Գարեգին Նժդեհ, Արամ Մանուկյան, Հովհաննես Քաջազնունի.․․
Ինչպես Սարդարապատի զանգերի մեղեդիներն են հուշում՝
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար…
Դհոլահար Արսեն Գրիգորյանի կատարմամբ հնչեց «Հաղթանակ» երաժշտական ստեղագործությունը և ազդարարվեց հաղթության ավետիքը.
Ստորագրում եմ՝ զորավար Սիլիկյան։
Թուրքը հեռացավ։ Հայ ազգը մնաց։
Եվ նրա գլխին բորբ արև շողաց,
Շողաց եռագույն դրոշի բոցով,
Նոր ուժով ծաղկեց հողը Հայաստան։
Քաջ զորավարի դերը հպարտորեն կատարում էր Արտյոմ Զակունցը։
Սարդարապատի հաղթական զանգերի նման ղողանջեց Արևիկ Արմենակյանի ձայնը. «Մենք միշտ երգով ենք հաղթել»:
Մեկնաբանության, ասմունքի, համահունչ երգ ու երաժշտության միահյուսմամբ՝ վառ ու տպավորիչ պատկերվեց հայ ժողովրդի մաքառումների, ընդվզումների ու մեծագույն հաղթանակների պատմությունը, 1918թ. մայիսի 28-ին հայոց պետականության վերականգման՝ համայն հայության բազմադարյա, նվիրական երազանքի իրականացումը։
Էրիկ Հակոբյանի երգը՝ «Այստեղ եմ ծնվել և այստեղ մեծացել», ներբող էր Երևանին, որը դարձավ նորակերտ պետության մայրաքաղաքը։
Կրտսեր խմբի կատարմամբ հնչեց՝ «Արյունոտ դրոշ սուրբ ազատության», և ներս բերվեցին Հայաստանի Առաջին Հանրապետության դրոշն ու զինանշանը։
Մերօրյա հանրապետությունը ժառանգեց մեկ հարյուրամյակ առաջ ընդունած խորհրդանիշները, հետևաբար, հնչեց ՀՀ օրհներգը։ Այնուհետև «Երազ իմ երկիր հայրենի»-ի մեղեդիները ողողեցին մեծ ու լուսավոր սրահը։
Միջոցառման ավարտին «Լուսավորչի թոռներն» իրենց ակնածանքն ու խոնարհումը արտահայտեցին մայիսյան փառապանծ հաղթանակները և Հայաստանի Առաջին Հանրապետությունը կերտող հերոսներին․
-Փա՜ ռք, հավերժ փա՜ ռք:
Մեր ժողովրդի հերոսությունն ու հերոսների անմահությունը հավերժացնում է «Սարդարապատ» հուշարձան-կոթողի վեհասքանչ զանգերի հավիտենական ղողանջը․
Զանգերն են զնգում Սարդարապատի…
Հանգեր են ասես,
Երգի, Հավատի, Հարության հանգեր..
Սարդարապատում հնչում են զանգեր…
Նարինե Մուրադյան, ք. Օդեսա