Բրյուսելում կկայանան Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառումներ

Հունիսի 1-ին, 2-ին և 3-ին Բրյուսելում տեղի կունենան երաժշտական մի շարք միջոցառումներ՝ ի նշանավորումն 1918թ. մայիսին Հայաստանի 1-ին Հանրապետության անկախության հռչակման հարյուրամյա տարեդարձի: Համերգները կազմակերպվել են ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի Կատարողական արվեստի վարչության կողմից՝ ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի, Բոգոսյան հիմնադրամի, Բրյուսել քաղաքի և Բելգիայի հայ համայնքի հետ համագործակցությամբ:
Այս պատմական իրադարձությունը նշանավորելով երաժշտությամբ՝ կազմակերպիչները ցանկանում են ընդգծել տաղանդի, մշակույթի և փոխանակման կարևորագույն արժեքների նշանակությունը «առաջընթացի» երկրի՝ Հայաստանի համար:
– Հունիսի 1-ին, ժամը` 19:00-ին, Բրյուսելի քաղաքապետարանումտեղի կունենա հանդիսավոր արարողություն՝ քաղաքապետի ներկայությամբ: Այս առիթով ՀԲԸՄ լարային նվագախումբը կտա իր առաջին համերգը՝ կատարելով Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարային նվագախմբի և լիտավրների համար» ստեղծագործությունը՝ խմբավար Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ:
– Հունիսի 2-ին, ժամը` 20:00-ին, անվանի արտիստներ Վարդուհի Երիցյանի, Սևակ Ավանեսյանի և Հրաչյա Ավանեսյանի տրիոն կկատարի Շոստակովիչի, Ռախմանինովի և Բաբաջանյանի ստեղծագործություններից՝Բոգոսյան հիմնադրամի՝ Villa Empain կենտրոնի հոյակապ շենքում:
– Հունիսի 3-ին, ժամը` 16:00-ին, Եսայի Կարապետյանի ջազային տրիոն՝ Սիլվեն Ֆուղնե-Ֆայայի և Դեյվիդ Պայշայի հետ միասին ևս ելույթ կունենա Բոգոսյան հիմնադրամի Villa Empain կենտրոնում:
Ծրագրի և արտիստների մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքէջում. http://brussels.agbuevents.org
Այս համերգաշարին զուգահեռ Բրյուսելի կենտրոնում հունիսի 2-ին, ողջ շաբաթ օրվա ընթացքում, տեղի կունենա հանրային քաղաքային փառատոն: Կիրակի՝ հունիսի 3-ին, Բրյուսելի խորհրդանիշ համարվող Միզող տղայի արձանին, հատուկ արարողության ժամանակ, հայկական տարազ կհագցնեն: