Մայիսյան տոները նշվեցին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան» դպրոցում

Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի  «Մարի Մանուկյան» կրթական հաստատությունը մայիսի 30-ին տոնական մթնոլորտում նշել է Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակը:

Դպրոցի սրահը զարդարված է եղել հայկական դրոշի գույներով, իսկ մանկապարտեզի, նախակրթարանի և երկրոդական դասարանների աշակերտները խանդավառված հանդես են եկել հայրենասիրական երգերով, պարերով և ասմունքով: Տոնական միջոցառմանը ներկա են եղել Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավարությունն ու ներկայացուցիչներ, համայնքային անդամներ և այլ հյուրեր:

«Բոլորիս հոգիները հպարտությամբ և ազգային վառ ապրումներով էր լցված, բացառիկ օր վայելեցինք, որն իր անջնջելի դրոշմը թողեց դպրոցի աշակերտների և բոլոր ներկաների հիշողության մեջ: Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ նրանք միշտ հոգեպես իրենց հայրենիքին մոտ զգան և չհեռանան իրենց արմատներից»,«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց ՀԲԸՄ պատվո անդամ, ՀԲԸՄ Բուենոս Այրեսի  մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանը՝ հավելելով, որ շարունակելու են հավատարիմ մնալ ՀԲԸՄ-ի որդեգրած առաքելությանը, այն է՝  Սփյուռքում նպաստել  հայկական ժառանգության և ավանդույթների պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով:

Scroll Up