Սան Պաուլոյում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը

Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը նշվել է հեռավոր Բրազիլիայում: Մայիսի 26-ին Համազգային մշակութային միության Բրազիլիայի մասնաճյուղը մասնակցել է «Արի պարի քոչարի» նախաձեռնությանը: Հայկական պարը ներկայացվել է Սան Պաուլո քաղաքի նշանավոր Ibirapuera parkում:

«Այդ օրը քաղաքի նշանավոր այգիներից մեկում մենք ցուցադրեցինք հայկական պարերը՝ անցորդներին ևս մասնակից դարձնելով մեր ձեռնարկին: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը ձեռք-ձեռքի տված պարեցին՝ որպես մեկ ազգ: Սա մեծ հաղթանակ է յուրաքանչյուրիս համար: Աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ազգը, թեև տեսել է Ցեղասպանություն, սակայն շարունակում է ապրել ու արարել ոչ միայն իր հայրենիքում, այլև աշխարհի տարբեր երկրներում»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց Վարդինե Գալաջյանը և հավելեց, որ կարևոր էր հատկապես Բրազիլիայում ներկայացնել մեր հարուստ մշակույթը, պատմությունը և Հայ դատի առաքելությունը, նկատի ունենալով, որ Բրազիլիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մայիսի 27-ին SAMA Clube Armenio-ում Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ելույթ է ունեցել Համազգայինի «Արևիկ» պարախումբը, որը ներկայացրել է հայկական Յարխուշտան:

«Նման ձեռնարկներով փորձում ենք մեր սերունդների մեջ ամուր պահել հայկական հոգին և նրանց ծանոթացնել հայկական մշակույթին»,- նշեց Վարդինե Գալաջյանը:

Scroll Up