Արցախի «Տնջրե» համույթի համերգը վերածվեց յուրօրինակ ազգային պարի փառատոնի (տեսանյութ)

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթն այսօր «Ձոն քաջաց» խորագրով առաջին անգամ հանդես է եկել համերգային ծրագրով՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30-ամյակներին:
«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթն անցել է ավելի քան 4 տարվա ստեղծագործական ուղի: Համերգին ներկայացվել են ազգային երգեր, ռազմական, հարսանեկան, ծիսական և այլ տեսակի պարեր: Հանդիսատեսի կողմից «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթն ընդունվել է ջերմորեն: Համերգը վեր է ածվել յուրօրինակ ազգային պարի փառատոնի, քանի որ գրեթե ողջ դահլիճն էր պարում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի պարուսույց Մանուկ Հարությունյանն ասել է, որ խումբը ձևավորվել է 2013 թվականի նոյեմբերի 24-ին, երբ իրենք Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ առաջին անգամ հանդես են եկել ելույթով:
Այնուհետև մոտ մեկ տարի շարունակ մի խումբ պարասերներով կազմակերպել էին բաց դասեր՝ նպատակ ունենալով Արցախում հանրայնացնել ազգային պարերը: Այդ ժամանակ պարուսույցը Ծովինար Ավետիսյանն էր:
2013 թվականի սեպտեմբերին Երևանից Արցախ է եկել պարուսույց Սարգիս Պարսամյանը և նրա գլխավորությամբ էլ հիմնադրվել է ներկայիս համույթը. խմբի անդամները սկսել են ավելի ակտիվ աշխատել՝ պարբերաբար կազմակերպելով բաց դասեր և իրականացնելով տարբեր ծրագրեր:
Բաց դասերին մասնակցում էին հարյուրավոր երիտասարդներ: Պարուսույցի խոսքով՝ դա կարևոր ձեռքբերում էր: Սարգիս Պարսամյանի գլխավորությամբ համույթը գործել է մինչև 2015 թվականը:
«2017 թվականի սկզբին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հրավերով ես միացա համույթին և մինչև հիմա շարունակում եմ իմ առաքելությունը: Սկզբում այն ազգային պարերի համույթ էր, այսօր արդեն՝ ավանդական երգի ու պարի: Համույթի կայացմանը նպաստեց նաև ժողովրդական երգի մասնագետ Մարատ Հարությունյանը: Ներկայումս համույթը կազմված է 14 անդամից. նրանց քանակն առաջիկայում կհամալրվի նոր մասնակիցներով»,-ասել է Մ. Հարությունյանը և կարևորել, որ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում իրենց աշխատանքներին:
Պարուսույց Սարգիս Պարսամյանն էլ ասել է, որ մինչև հիմնական կոլեկտիվի ձևավորումը մայրաքաղաքում և շրջաններում անց են կացվել պարերի ուսուցման, վարպետության դասեր:
Նա նշել է, որ 2013 թվականին Ստեփանակերտում իրենց կողմից ստեղծված պարի խմբակը սկզբից կոչվել էր «Արցախ» ազգային պարի նախաձեռնություն:
«Սկսեցինք լայն հասարակական գործունեություն ծավալել և մեր խմբի անդամների շնորհիվ շրջաններում ևս նախաձեռնել ազգային պարերի ուսուցում, որին շատերն ակտիվ մասնակցել են»,-նշել է Ս. Պարսամյանը:
Խոսելով համույթի առաջին համերգի արդյունքից՝ մեր զրուցակիցն ավելացրել է, որ իրենք շատ ոգևորված են, քանի որ համերգը կայացել է: Ներկայումս համույթը բեմադրության զարգացման, պարացանկի ավելացման, նոր ծրագրերի իրականացման փուլում է:
Իսկ համույթի անդամ Թամար Սարգսյանի կարծիքով էլ՝ համերգը նպատակ ուներ հանրությանը ցույց տալ, թե որն է ազգային պարը և որքանով է այն ազդեցություն թողնում մարդու ներաշխարհի վրա:
Ըստ նրա ՝ իրենց նպատակը պարը ժողովրդի մեջ տարածելն է, այն հանրայնացնելը:
Համերգին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պետական այրեր, արվեստասեր հասարակություն: