ՀՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված ձեռնարկներ Նոր Ջուղայում և Շահինշահրում

Նախաձեռնությամբ Սպահանի Հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամյակի կենտրոնական հանձնախմբի, Հայոց նորագույն պետականության հիմնադրման և հայրենիքի  վերանկախացման տոնի 100-ամյա հոբելյանը նշվեց ժողովրդական հանդիսավոր տոնախմբությամբ մայիսի 22-ի երեկոյան, Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության մարզասրահում:

Ծրագրի մեկնարկը տրվեց Իրանի Իսլամական Հանրապետության օրհներգով: Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության Սկաուտական միավորի անդամների միջոցով դահլիճ բերվեց Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը, որից հետո իրականացվեց Հանրապետական մաղթանք` Սպահանի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեջյանի նախագահությամբ և Շահինշահրի հայ համայնքի հոգևոր տեսուչ գերապատվելի Տ. Անանիա ծ. վրդ. Գուջանյանի ու եկեղեցական դասի մասնակցությամբ: Հաջորդիվ հնչեց ՀՀ օրհներգն ու ծածանվեց հայկական դրոշը: Արարողության երգեցողությունը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը` Արմեն Ամիրխանյանի ղեկավարությամբ:

Այնուհետ ողջույնի խոսքով հանդես եկան երեկոյի հանդիսավար Անի Ղազարյանը: Այնուհետև թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, հոգոր տեսուչ Հայր Սուրբը, թեմի Պատգամավորական ժողովի  թեմական ու կրոնական խորհուրդների ատենապետեր Թաթուլ Օհանյանը, Վարուժ Մինասյանն ու Վարուժ Մովսիսյանը, շրջանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վահե Թորոսյանն ընդունեցին ավանդույթ դարձած հանդիսավոր շքերթը` մասնակցությամբ թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի հանձնախմբի, միությունների ու երգչախմբերի վարչությունների, երիտ-պատանեկան միությունների անդամների, Հայոց ազգային դպրոցների աշակերտության ու անձնակազմերի, ՀՀ հիմնադրման 100-ամյակի տոնակատարության ենթայանձնախմբի  Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության Սկաուտական միավորի անդամների:

Երեկոյի դասախոսն էր Պատգամավորական ժողովի,  մինույն ժամանակ ՀՀ հիմնադրման 100-ամյակի Կենտրոնական հանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանյանը, ով իր ելույթում անդրադառնալով անկախության գաղափարին` ընդգծեց, թե հայ ժողովուրդն անկախության համար իր պայքարը մղել է հետյալ ուղղություններով` մշակութային, դիվանագիտական, զինյալ գործողություններ: Նա նշեց, որ հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում միշտ եղել է ազատատենչ  անկախությանը ձգտող ազգ, հիշատակեց ազատության ճանապարհին հայ ժողովրդի առաջին կռիվներից` Հայկ Նահապետի պայքարը բռնակալ Բելի դեմ:

Դասախոսը հանուն անկախության հայ ժողովրդի մղած մշակութային պայքարի  շարանում մատնանշեց հատկապես տառերի գյուտն ու ազգային եկեղեցու` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ստեղծումը, իսկ դիվանագիտական պայքարի շարքում` Ստեփանոս Ե. Սալմաստեցի, Միքայել Սեբաստացի ու Հակոբ 4-րդ Ջուղայեցի կաթողիկոսների, Իսրայել Օրիի ծավալած դիվանագիտական գործողությունները:

Օհանյանը թվարկելով մեր պատմության մեջ իրագործված զինյալ պայքարներից` հռոմեացիների դեմ կռիվները, Վարդանանց, Վահանանց պատերազմները, Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Արցախի գոյամարտերն ու ֆիդայական շարժումները՝ ասաց. «Թեև կարճատև եղավ Առաջին Հանրապետության կյանքը, սակայն ֆիդայական կռիվների ու դրա շարունակության մեջ իրականացված մայիսյան հերոսամարտերի շնորհիվ թուրքին չհաջողվեց հայաթափ անել Արևելյան Հայաստանը: Մայիս 28-ը փշրեց հայ ժողովրդի ստրկության շղթան, Սփյուռքի հայության հայացքն ուղղեց դեպի մեկ հայրենիք: Մայիս 28-ի գաղափարի շնորհիվ կերտվեցին մեր հետագա հանրապետություններն ու տեղի ունեցավ Արցախյան ազատամարտը»:

Ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա նշեց, որ 1918 թվականի Մայիսյան դեպքերն անջնջելի են յուրաքանչյուր հայի մտքից, որ Ցեղասպանության տառապանքը, թշնամի ուժերի հարձակումներն ու շրջափակումները մեր ժողովրդին,  հատկապես՝ հայ  քաջարի մարտիկներին, դարձրին ադամանդյա անձնավորություններ, ովքեր բախվելով Սարդարապատի պատին՝ ինչպես նաև Մայիսյան հերոսամարտին, վերածվեցին բեղմնափոշու, վերակենդանացրին հայ ժողովրդի գոյության ծառը: Ծառ, որն աճեց, դարձավ պատվանդանն ու հիմնասյունը Մայիս 28-ի  պետականության հարատևման:

Գերշ. Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեջյանն իր խոսքի եզրափակիչ բաժնում Մայիսի 28-ն անվանեց հայ ժողովրդի հպարտության  պարծանքի հուշակոթողն ու խորհրդանիշը. մեկ խոսքով` հայ ազգի էությունը:

Գեղարվեստական բաժնում խանդավառ երգերի կատարմամբ հանդիսատեսի տոնական տրամադրությունը բազմապատկեց «Արցախի ձայներ» երաժշտական համույթը: Բոլոր կատարումներն արժանացան ներկաների բուռն ծափողջույններին:

Տոնական միջոցառումն ավարտվեց հրավառությամբ:

Հատկանշական է, որ վերոնշյալ հայտագրով տոնախմբություն կայացավ նաև Շահինշահրում՝ մայիսի 21-ին, Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության Շահինշահրի մասնաճյուղի «Արամ Մանուկյան» սրահում: Յուրաքանչյուր համայնքի տոնական երեկոյի կազմակերպական գործն ի կատար էր ածվել պատկան ենթահանձնախմբի միջոցով: Շահինշահրի միջոցառումը վարեց Մարիա Խուդավերդյանը:

Նոր Ջուղայի թղթակից

Լուսանկարիչ` Գևիկ  և Անդրե Խաչատրյաններ

Scroll Up