Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, հյուրերը Կիպրոսի Հանրապետության անունից ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Մենք կրկին տեսանք հայ ժողովրդի տառապանքները բարբարոսության և ատելության մեջ. մենք ասում ենք` այլևս երբեք»:
Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած առաջին պետություններից է: Այն բանաձևեր ունի 1975, 1982, 1990 թվականներին, ինչպես նաև այն առաջին պետությունն է, որը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում: Կիպրոսն ունի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք՝ ընդունված 2015թ. ապրիլի 2-ին: