ՀՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված դասախոսական երեկո Նոր Ջուղայում
Նոր Ջուղայի Հայ կանանց գթության միության վարչության նախաձեռնությամբ և Սպահանի Հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամյակի նշման Կենտրոնական հանձնախմբի հովանավորությամբ մայիսի 15-ին Հայ դատի հանձնախմբի կենտրոնատեղիի սրահում տեղի ունեցավ դասախոսական երեկո` նվիրված ՀՀ հիմնադրման 100-ամյակին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, ներկաներին ողջունեց երեկոն կազմակերպող միության անդամուհի Գայանե Եղիազարյանը, որից հետո օրվա բանախոս, վաստակավոր ուսուցիչ, պատմաբան Վարուժ Մովսիսյանը հանդես եկավ «Հայկական պետականության ակունքներից» թեմայով դասախոսական ելույթով:
Բանախոսը թեմատիկ պատկերների զուգորդությամբ ներկայացրեց հին աշխարհի սկզբնաաղբյուրներում` հիմնականում շումերական դյուցազնավեպերում և իրանական արձանագրություններում տարբեր անվանումներով նշված հայկական լեռնաշխարհի և Հայոց պետականության գոյության մասին հետաքրքիր վկայություններ ու տեղեկություններ և անդրադարձավ Սուրբ Աստվածաշնչում հիշատակված Եդեմ-դրախտին, որտեղ հիշատակված 4 գետերի ակունքը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհը: Ապա կենտրոնացավ 1918- թվականին ՀՀ կերտմանը:
Վարուժ Մովսիսյանն իր ելույթն ավարտեց Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում հայ կանանց տրված` ընտրելու և ընտրվելու նախադեպը չունեցող իրավունքների մասին արտահայտություններով, ինչը վկայում էր՝ Հայաստանը որպես առաջադեմ երկիր լինելու մասին:
Հավելենք, որ սա Կանանց գթության միության կազմակերպած երկրորդ միջոցառումն էր՝ նվիրված ՀՀ հիմնադրման 100-ամյակին:
Լուսանկարները՝ հեղինակի