Ֆինլանդիայում բնակվող հայերի ուժը միասնականության մեջ է

Միմյանցից հեռու ապրելու հանգամանքը Ֆինլանդիայում բնակվող հայերին չի խանգարում հաճախ հանդիպումներ կազմակերպել և տարբեր ծրագրեր իրականացնել։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Ֆինլանդիա-Հայաստան միության» փոխնախագահ Մարինե Դանոյանը, յս անգամ Հելսինկիում բնակվող հայերն ուղևորվեցին Տամպերե և տեղի հայ համայնքի կողմից արժանացան բուռն և հանդիսավոր ընդունելության։ Ամենուր թևածում էր խինդն ու ծիծաղը, բարեկամական ջերմ մթնոլորտը։ Հյուրասիրության սեղանի շուրջ մատուցվեցին հայկական խոհանոցի լավագույն, անչափ համեղ կերակրատեսակներ։

Հայոց լեզվի խմբակի սաները ներկայացրին փոքրիկ հանդես-ներկայացում: Այնուհետև նրանց միացան Տամպերեի հայոց լեզվի խմբակի սաները և իրենց կատարումով ոգևորեցին հանդիսատեսին։

Մինչ մեծերը քաղցր զրույցի էին բռնվել, փոքրերը նվեր-բացիկներ էին պատրաստում, որոնք հետագայում քաղցր հուշեր կարթնացնեին երեխաների սրտերում։

Հանդիպումն ավարտվեց միասնական քոչարի պարով, բարի մաղթանքներով և հետագայում ավելի հաճախ հանդիպելու ակնկալիքով։

Միջոցառման կազմակէրպիչն էր Ֆինլանդիա-Հայաստան միությունը:

Scroll Up