Փարիզի «Հայդաս» հայկական վարժարանի առաքելությունը

Փարիզաբնակ Արտո Կիլիմլին ծնվել է 1945 թվականին՝ Պոլսում: Սովորել է հայկական վարժարաններում, իսկ ուսումն ավարտելուց հետո, հոր  հետ սկսել է զբաղվել հայկական հին գորգերի, անտիկ իրերի առևտրով: 1969 թվականին, ինչ-ինչ պատճառներով թողնելով իր խանութները, տեղափոխվում է Ֆրանսիա և մի քանի տարի հետո Փարիզում բացում իր առաջին ընկերությունը: Տարիներ անց նա հիմնում է այլ ընկերություններ ևս և սկսում տարբեր գործեր կատարել:

Զգալով օտար երկրում մայրենի լեզվի պահպանման կարևորությունը՝ Արտո Կիլիմլին ընկերների հետ հիմնում է «Նարեկ» մեկօրյա վարժարանը, որը գործում է մինչև 2004 թվականը, երբ նյութական դժվարություններից ելնելով դպրոցը փակվում է: «Նարեկ»-ի փակումը շատ ցավալի և տխուր էր հատկապես վարժարան հաճախող երեխաների համար: Այդ է պատճառը, որ Արտո Կիլիմլին Ալիդա Կիլիմլիի, Ալեն Կիլիմլիի և Վարդգես Մելդոնյանի հետ 2005 թվականին հիմնում է մեկ այլ մեկօրյա հայկական վարժարան՝ «Հայդաս» անունով, որպեսզի հայ երեխաները չզրկվեն հայկական կրթությունից և կրթօջախից:

Այժմ վարժարան է հաճախում շուրջ 20 աշակերտ, որոնք ուսանում են հայերեն, հայ երգ, շախմատ, հայոց պատմություն, նկարչություն և հայկական պար:

«Դպրոցի ուսուցիչների ընտրությունը շատ բծախնդրորեն է կատարվում: Մասնագիտական հմտություններին զուգահեռ՝ նա պարտադիր պետք է իմանա ֆրանսերեն, որպեսզի հաղորդակցվի տարբեր երկրներից ժամանած երեխաների հետ: Դպրոցը գործում է չորեքշաբթի (այդ օրը փակ են ֆրանսիական բոլոր դպրոցները) և շաբաթ օրերին, որի ընթացքում վարժարանի աշակերտները մասնակցում են ոչ միայն դասընթացներին, այլև այն բոլոր միջոցառումներին, որոնք կազմակերպում է դպրոցը»,-«Հայերն այսօր-ի հետ զրույցում նշում է Արտո Կիլիմլին:

Մեկօրյա վարժարանն անվճար է հայ երեխաների համար: Կրթօջախի նպատակն է հնարավորություն տալ հայ երեխային սովորել հայերեն և մոտ պահել հայկական արմատներին: Ուսուցման մեջ է մտնում նաև նախընթրիքը: Այս բոլոր ծախսերը հոգում են վարժարանի հիմնադիրները:

«Ֆրանսիայում բնակվող հայ երեխաների հիմնական մասը հաճախում է ֆրանսիական դպրոց, բացառությամբ նրանց, որոնք սովորում են հայկական ամենօրյա վարժարաններում: Վերջիններս, սակայն, հեռու են հայկական արվարձաններից:

Մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի մեր երեխաները հաճույքով դպրոց հաճախեն, իրենց լավ զգան: Չէ՞ որ միայն հայկական վարժարաններում նրանք կարող են իրենց հայ զգալ: Այդ պատճառով նրանց հետ վարվում ենք շատ մեղմ, սովորեցնում ենք ընկերություն անել իրենց հասակակից հայ երեխաների հետ՝ միևնույն  ժամանակ ներգրավելով հայկական նյութերի ուսուցման մեջ»,-նշում է վարժարանի հիմնադիրը:

Ամեն տարի «Հայդաս» մեկօրյա վարժարանը կազմակերպում է շախմատի մրցույթ, որին մասնակցում են Ֆրանսիայի 7-18 տարեկան հայ մանուկներն ու երիտասարդները, որոնք պարգևատրվում են մրցանակներով: Տարվա ընթացքում «Հայդաս» միությունը կազմակերպում է զանազան համերգներ, մասնակցում Փարիզում կազմակերպվող տարբեր ծրագրերի: Այս աշխատանքները ղեկավարում է Հեղինե Տեր Օհաննեսյանը:

Scroll Up