ՀՀ 100-ամյակի հանձնաժողովը կարող է արդիական հնչեղություն տալ Հայաստանի Ա Հանրապետությունից նոր Հայաստանին փոխանցվող արժեհամակարգին 

«Կարծում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կձեռնարկի այնպիսի քայլեր, որոնց արդյունքը շատ արագ կզգա ժողովուրդը։ Այդ քայլերն առաջին հերթին վերաբերելու են մաքսային ոլորտին, զբոսաշրջությանը, սոցիալական խնդիրներին, ժողովրդին անմիջականորեն առնչվող հիմնահարցերին»,- նշել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը՝ պատասխանելով «Նոյյան տապան»-ի՝ ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջական ժամանակահատվածում հարցին:

Լիբանանահայ քաղաքական գործիչը նշել է, որ բացի նշված հարցերից, վարչապետն ունի հրաշալի առիթ համաժողովրդական շարժումը վերածելու համազգային տոնախմբության և համայն հայության համախմբան, որի առանցքը Հայաստանի Հանրապետության հիմնադրության 100-ամյակն է. «Կարծում եմ՝ օպերատիվ կարգով պետք է վերականգնել 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, ընդ որում՝ ոչ միայն ներհայաստանյան հարթության վրա, այլև հայկական աշխարհում՝ նշելու մեր ժամանակակից պատմության ամենաէական և ամենաբախտորոշ իրադարձությունը»:

Զրույցի ընթացքում Շահան Գանտահարյանը նկատել է, որ նոր Հայաստանն արդիական հնչեղությամբ և մեծ խորհուրդներով կարող է կապվել Հայաստանի Հանրապետության հիմնադրության տարիների հետ՝ նկատի ունենալով այն օրերի խորհրդարանական համակարգը, ժողովրդավարական կարգերը և հատկապես՝ ողջ ժողովրդի համախմբվածությունը.

«Առաջնային հրատապությամբ վարչապետին առընթեր, գուցե և նրա նախագահությամբ, օպերատիվ պետք է սկսի աշխատել Հայաստանի Հանրապետության 100-ամյակի հանձնաժողովը, որը կարող է արդիական հնչեղություն տալ Հայաստանի Առաջին Հանրապետությունից նոր Հայաստանին փոխանցվող արժեհամակարգին»:

Scroll Up