Թադե Քարամյանի ճակատագրական այցելությունը Հայաստան

Ավստրալիայի Համազգային հայ կրթական և մշակությաին միության «Նաիրի» և ՀՄԸՄ «Արարատ» միության փոխատենապետ Թադե Քարամյանը ծնվել է Թեհրանում: Տարրական կրթությունը ստացել է «Գուլբենկյան» հայկական դպրոցում:

1990թ. Քարամյան ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա՝ Սիդնեյ,  որի պատճառով  նա իր ուսումը շարունակել է Սիդնեյում: Միևնույն ժամանակ հաճախել է Համազգայինի «Նաիրի» մասնաճուղի «Թումանյան» հայկական շաբաթօրյա դպրոցը՝ հաջողությամբ ավարտելով ուսումը:

Թադեն երիտասարդ հասակից մասնակցել է հայկական համայնքում կատարվող տարբեր աշխատանքներին՝ «Նաիրի» պարախմբում, «Արարատ» սկաուտական միությունում և բասկետբոլի թիմում:

«2001 թվականին Հայաստան կատարած առաջին այցելությունն ինձ համար ճակատագրական դարձավ: Ծնվելով Սփյուռքում՝ մեր պատկերացումները Հայաստանի մասին սահմանափակվում էին միայն լսած պատմություններով, կարդացած գրքերով և լուսանկարներով: Սակայն ամեն ինչ իրական դարձավ, երբ սեփական աչքերով տեսա այդ ամենը, հասկացա, որ ամուր կանգնած եմ հողիս վրա: Մի խոսքով, առաջին այցելությունս դեպի Հայրենիք, հրաշք եմ համարում իմ կյանքում»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Թադե Քարամյանը՝ հավելելով, որ վերադառնալով Ավստրալիա՝ ոգեշնչված որոշել է համայնքային գործունեություն ծավալել:

Տասնվեց տարի նվիրվելով ազգային աշխատանքներ կատարելուն՝ ղեկավարել է համայնքի այնպիսի աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են եղել Ավստրալիայի հայ երիտասարդների՝ Հայրենիքի հետ կապը սերտացնելուն և հայրենասիրությամբ տոգորելուն:

Թադե Քարամյանի իրականացրած կարևոր աշխատանքներից է եղել 2014թ. «Նաիրի» պարախմբի 62 անդամների ելույթի կազմակերպումն ու պարախմբի անդամներին Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերին ծանոթացնելը: Իսկ 2015թ. Սիդնեյից «Արարատ» միության 75 մարզիկներ, Թադեի ղեկավարությամբ, ժամանել են Հայաստան՝ մասնակցելու համահայկական խաղերին:

Մեր զրուցակիցը համագործակցել է նաև Սիդնեյի Հայ Առաքելական եկեղեցու հետ՝ նյութական խոշոր ներդրում կատարելով Հայոց թեմի առաջնորդարանի շենքի կառուցման համար կազմակերպված հիմնադրամի ֆոնդին։

Նա տարիներ շարունակ հանդիսանում է «Նաիրի» և «Արարատ» միության վարչության անդամ և այժմ աչալրջորեն հետևում է, որպեսզի իրականանա համայնքի՝ հայկական մարզամշակութային սրահ և միության կենտրոն ունենալու երազանքը:

«Հպարտորեն կարող եմ ասել, որ հայապահպանության պատասխանատու գործը, համայնքի համախմբվածության շնորհիվ, մեզ մոտ լավ է ստացվում: Ավստրալահայ ակտիվ ու հայրենասեր երիտասարդների տարբեր առիթներով ուղարկում ենք Հայաստան, ովքեր ամենաջերմ տպավորություններով վերադառնալով Հայրենիքից,  խանդավառված պատմում են իրենց անմոռանալի տպավորությունների մասին»,-նշեց Թադե Քարամյանը:

Խոսելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ ձևավորած արդյունավետ համագործակցության մասին՝ Թադե Քարամյանն ասաց, որ, առհասարակ, բարձր է գնահատում նախարարության՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները և ընդգծեց, որ համայնքից միշտ ակտիվորեն մասնակցում են նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և մյուս ծրագրերին:

Զրույցի վերջում Թադե Քարամյանը տեղեկացրեց նաև, որ համայնքում հոբելյանական տարին հագեցած է լինելու. ավստրալահայերը նույնպես տոնախմբելու են Հայաստանի Հանրապետության ստեղծման, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները, որի ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Նախատեսվում է տոնական համերգներին Հայաստանից երգիչ-երգչուհիներ հրավիրել:

Գևորգ Չիչյան

Scroll Up