Խրիմյան Հայրիկի խոսքն ու շունչը Բոստոնում

Հայերն այսօր– Ապրիլի 8-ին Բոստոնի Հայ կաթողիկե եկեղեցու Նշան և Մարգրիտ Աթանեզյան լայնարձակ սրահում օդը ողողված էր գարնանային արևով ու Խրիմյան Հայրիկի լուսավոր շնչով․․․

Բոստոնի Հայկական անկախ ձայնասփյուռը Եվգինե Զարիֆյան-Ղարիպյանի գլխավորությամբ կազմակերպել էր մենաթատրոն, որը նվիրված էր Խրիմյան Հայրիկի 110-ամյակին։ Հավաքված  հասույթի մի մասը Հրանդ Մարգարյանի կողմից պետք է նվիրաբերվի Արցախի վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերելու համար։

Մենաթատրոնի հեղինակը, մենակատարը և բեմադրիչը Նյու-Յորքից ժամանած  դոկտոր, գիտնական, պրոֆեսոր, թատերագիր, բանաստեղծ, թարգմանիչ, դերասան Հրանտտ Մարգարյանն էր, ով իր փայլուն կատարմամբ մարմնավորեց Մկրտիչ Խրիմյանի կերպարը։ Նա փայտե հասարակ, առանց որևէ զարդարանքի գավազանով, Կաթողիկոսի իր սև հագուկապով, ճերմակ երկար մորուքով, մանկան պես հեզ ու բարի հայացքով դանդաղ, ծանրաքայլ բեմ բարձրացավ։ Հետադարձ հայացք ձգելով 1907 թվականին՝ նա վարպետորեն ներկայացրեց Մկրտիչ Խրիմյանի և հայ ժողովրդի համար ծանր ու ողբերգական ժամանակաշրջանը։

Նա, ով դեռ պատանի տարիքում կորցրել էր իր հորը և չէր հասցրել ճանաչել նրան, հետագայում դարձավ «Հայոց հայր»՝ 1892 թ․ 72 տարեկան հասակում 72 քվեով միաձայն ընտրվելով Ամենայն Հայոց Կաթողիկոս։

Հմուտ դերասանն իր յուրօրինակ խաղով կարողացավ ունկնդիրներին հուզել ու ոգեշնչել Մկրտիչ Խրիմյանի ապրած ու գործած նշանաբանով. «Հավատալ խոսքի ուժին, հավատալ մտքի  անհաղթելի ազդեցությանը»:

Այդ հրաշալի դերասանն ու մտածողը Խրիմյանի Հայրիկի կերպարով մեկ անգամ ևս հնչեցրեց նրա հայտնի թղթե և երկաթե շերեփների համեմատությունը։Մեկ անգամ ևս ընդգծեց, որ պետք է զենք ու հզոր բանակ ունենալ թշնամուն հաղթելու համար։ Չէ որ թղթերով ու իր աղաչանքներով Խրիմյանը չկարողացավ շարժել հզոր երկրների գութը, որպեսզի օգնեն Հայաստանին՝ իր ինքնությունը, անկախությունը պահպանելու։ Այլ խոսքերով՝ հողին տեր է նա, ով զենքով է կանգնած այդ հողին։ Մեկ անգամ ևս հիշեցրեց հայ ազգի միասնական լինելու կարևորագույն գաղափարն ու խնդիրը, որով միայն կարող ենք ուժեղ ու անհաղթ լինել։

Հրանտ Մարգարյանը այդ և մյուս պատգամները սիրով փոխանցեց Բոստոնի հայկական թանգարանի տնօրեն Պերճ Չեքիջյանի ուղեկցությամբ բեմ բարձրացած մատաղ սերնդին, ովքեր պետք է  հասկանան, որ իրենք ուժեղ ու չկոտրվող ոգու տեր ազգի՝ Հայկ նահապետի ժառանգներն են։

Այս այժմեական ու արժեքավոր մենաթատրոնն է, որ մեր սիրելի բարեկամն անցյալ տարի ներկայացրել է Երևանում, իսկ մայիսին տանելու է ոգեշնչելու նաև Հայաստանի այլ շրջանների ու Արցախի ներկա և ապագա սերունդներին։ Համոզված եմ, որ Հայաստանում և Արցախում Հրանտ Մարգարյանն իր հրաշալի կատարումով և մարդկային բարձր արժանիքներով կնվաճի ունկնդիրների սրտերը։ Ինչպես բեմի վրա, այնպես էլ բեմից դուրս ուշադիր և հոգատար վերաբերմունք կցուցաբերի իրեն դիմող յուրաքանչյուր հանդիսատեսին, մարդուն, քանի որ նա բեմից դուրս էլ է «Խրիմյան Հայրիկ»։

Իսկ թե ո՞վ է Հրանտ Մարգարյանը և ինչպիսի գրական-գեղարվեստական, հասարակական, հայրենանվեր գործունեություն է ծավալել ու ծավալում, ստորև կներկայացնենք նրա հարուստ կենսագրականից որոշ տեղեկություններ։

Հրանդ Մարգարյանը ծնվել է Բասրայում (Իրաք), 1938 թ. հոկտեմբերի 6-ին։ Շատերի պես նրա ծնողները ևս անցել են Հայոց ցեղասպանության արհավիրքի միջով և 1918թ. Վասպուրականից հասել Իրաք։ Իր նախնական ուսումը ստացել է Մարկիլի Հայոց ազգային  նախակրթարանում։ Հաճախել է տեղի պետական միջնակարգը։ 1961թ. Բաղդադի Գիտության քոլեջն ավարտելուց հետո՝ ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Սթիվընս ինստիտուտում։ Ստացել է մագիստրոսի և դոկտորի վկայականներ տարրաբանության մեջ, ինչպես նաև մագիստրոսի վկայական ճարտարվեստի մեջ։ Գիտական ուսմանը զուգահեռ նա հաճախել է նաև Նյու-Յորք քաղաքի համապատասխան թատերական ուսումնական հաստատություններ, որտեղ և մասնագիտացել է թատերագիտության և բեմական արվեստի բնագավառում։ 1967թ. հիմնադրել է հայ մշակութային միության «Մասիս» թատերախումբը, որը հետագայում անվանակոչվեց Համազգային թատերախումբ, որի ղեկավարն է մինչև այսօր։ 2005թ․հիմնադրել է Նյու-Ջերսի Համազգայինի պատանեկան թատերախումբը։ 10 տարի պրոֆեսոր է եղել Նյու Յորք նահանգի համալսարանի համակարգում, 25 տարի դասավանդել է  ԱՄՆ Արևելյան շրջանի առաջնորդարանի «Սիամանթո» լսարանում, 7 տարի ի վեր դասախոսել է Արևելյան շրջանի Էջմիածնական թեմի Ս.Ներսես ընծայարանում:

Հրանտ Մարգարյանի գրական-գեղարվեստական հունձքը շատ հարուստ է, նա ունի 27 հեղինակային թատերախաղ, 56 բեմադրած թատերախաղ, 56 դերակատարություն, 162 բեմադրություն, 15 բեմականացում, բազմաթիվ  թարգմանություններ, լսատեսողական ծրագիրներ, խմբագրական գործունեություն, 10 հրատարակված թատերախաղերի, մեկական բանաստեղծությունների և արձակ ստեղծագործությունների գրքեր։

Որքան հարուստ է Հրանտ Մարգարյանի գրական-գեղարվեստական հունձքը, նույնքան էլ հարուստ են ձեռքբերումները, որոնց արժանացել է իր երկարատև ու  քրտնաջան աշխատանքով.

1980- մեդալ Համազգայինի ԱՄՆ-ի և Կանադայի շրջանային վարչությունների կողմից

1987- «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան Մեծի Տան Կիլիկո Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի ձեռամբ

1992-«Սփյուռքահայ լավագույն թատերագիր» ՀԳՄ նախագահ Վահագն Դավթյանի կողմից

1992-ՀԳՄ անդամ

2000- Պատվոգիր մշակութային գործունեության համար՝ Նյու Յորքի Քուինզ շրջանի նախագահ Քլեյր Շուլմանի կողմից

2002- «Ոսկե մեդալ» Հայաստանի մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի կողմից

2004-Ճերեճեան թատերական մրցանակ – Լիբանան

2008- ՀՕՄի «Ակնունի» շքանշան ԱՄՆ-ի Արևելյան շրջանի վարչությունից

2008-Համազգայինի կենտրոնական վարչության շքանշան

2008-«Հակոբ Մեղապարտ» մեդալ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի կողմից

2017- Շքանշան «Ֆրիյտոֆ  Նանսեն» ֆոնդի նախագահ Ֆելիքս Բախչինյանի կողմից

Վերջում ուզում եմ միայն շնորհակալություն հայտնել և մաղթել նորանոր հաջողություններ մեր պատվարժան հային՝ Հրանտ Մարգարյանին։

Ամալյա Իսայան

Հայաստանի ժուռնալիստների միության,

Ռուսաստանի գրողների միության

Մոսկվայի քաղաքային կազմակերպության,

ԱՄՆ Հայ գրողների միության անդամ

Scroll Up