«Իրանահայ համայնքում հայապահպանությունը միշտ առաջնային է եղել».Արշավիր Քեշիշյան
«Հայերն այսօր»-ի զրուցակից Թեհրանի Հայ ուսումնասիրաց «Չհարմահալ» միության կենտրոնական վարչության նախագահ Արշավիր Քեշիշյանը երիտասարդ տարիքից զբաղվել է ազգային-հասարակական գործունեությամբ: Եղել է Ծխական տուրքի կենտրոնական հանձնախմբի, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի անդամ, իրանահայ ուսուցիչների միության հիմնադիրներից է: Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ վեց տարի շարունակ անդամակցել է Թեհրանի ազգային դպրոցների կենտրոնական հոգաբարձուների խորհրդին («Կրթական խորհուրդ»):
2013 թվականին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
-Պարո՛ն Քեշիշյան, ե՞րբ է հիմնադրվել «Չհարմահալ» միությունը:
-Ութսունութ տարվա պատմություն ունեցող միությունը հիմնադրվել է 1930 թվականին՝ Իրանի Աբադան քաղաքում: Իրանի տարբեր քաղաքներում միության տասնութ մասնաճյուղեր են եղել, ներկայումս միայն կենտրոնական միությունը և Նոր Ջուղայի մասնաճյուղն է գործում:
Մեր գործունեության հիմնական նպատակը իրանահայ երիտասարդներին ազգային ինքնության պահպանման խնդրին անդրադառնալը, հայեցի դաստիարակություն տալը, ինչպես նաև հայկական մշակույթին և պատմությանը ծանոթացնելն է: Այդ նպատակով մշակութային, գրական-գեղարվեստական բազմաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպում՝ նրանց հոգում հայրենասիրություն սերմանելով և հորդորելով անպայման Հայաստան այցելել:
Միությանը պատկանող մեկ պարախումբ է գործում` «Կարապ»-ը, իսկ միությանը կից գործում են «Կակաչ» և «Ակունք» պարախմբերը: Ունենք նաև «Ուրարտու» երգչախումբը, «Լուսաբեր» ասմունքի երիտասարդական խումբը, սպորտային խմբեր, որոնք մասնակցում են «Արարատ» կազմակերպության կողմից Թեհրանում անցկացվող համահայկական մրցույթներին և Նոր Ջուղայում կազմակերպվող գարնանային սպորտային մրցույթներին: Ժամանակին նաև թատերական խմբակ ենք ունեցել: Փորձում ենք մեր աշխատանքի միջոցով նպաստել համայնքային կյանքի ծաղկուն մնալուն:
– Իրանահայ երիտասարդները որքանո՞վ են պահում կապը Հայրենիքի հետ:
– Արդյունքը գոհացուցիչ է այն առումով, որ իրանահայ երիտասարդներից շատերը Հայաստան գալուց հետո որոշում են վերջնականապես հաստատվել իրենց հայրենիքում, որն, անշուշտ, ուրախանալու հիանալի առիթ է: Այժմ էլ մեզ մոտից հայրենադարձության դանդաղ հոսք է նկատվում:
-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին այցելությունը Հայաստան:
-1993 թվականին Հայաստան կատարած առաջին այցելությունս, ցավոք, ուրախ առիթով չէր: Երբ Արցախյան պատերազմի ազատամարտիկների մի խումբ երեխաներ Թեհրանի Հայոց թեմի թեմակալ խորհրդի կողմից հրավիրվել էին Թեհրան՝ իրենց ծանր առօրյայից կտրվելու և փոքր-ինչ լիցքաթափելու, շուրջ չորս ամիս անց Թեմական խորհուրդն ինձ` որպես խորհրդի անդամի, հանձնարարեց այդ երեխաներին Հայաստան բերել՝ բարեհաջող հանձնելու իրենց ծնողներին և հարազատներին:
Արդեն, 2000 թվականից սկսած, ընտանիքի անդամներով ավելի հաճախ ենք սկսել Հայաստան այցելել: Որոշել ենք վերջնականապես Հայաստանում հաստատվել, ժամանակի հարց է, հուսով եմ` շուտով ամեն ինչ լավ կլինի:
-2018 թվականը Հայաստանի համար հոբելյանական տարի է. ազգովի նշելու ենք Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակն ու մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Այս առիթներով միությունն ի՞նչ նախաձեռնություններով հանդես կգա:
-Մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում միությունում այդպիսի կարևոր առիթներով միջոցառումների կազմակերպումը, քանի որ յուրաքանչյուր ձեռնարկ ավելի է համախմբում համայնքի անդամներին:
Մենք, իհարկե, անմասն չենք մնա տոնական միջոցառումներ կազմակերպելուց: Տարբեր գաղափարներ ունենք, որի մասին նույնպես քննարկեցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
-Տարին հոբելյանական է նաև ՀՀ սփյուռքի նախարարության համար. լրանում է նախարարության ստեղծման 10 տարին: Այս տարիների ընթացքում համագործակցության ի՞նչ շրջանակ եք ձևավորել:
-ՀՀ սփյուռքի նախարարության հետ միության համագործակցությունն ավելի ակտիվացավ սեպտեմբերի 18-20-ը կայացած ‹‹Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն›› խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որն նաև ես մասնակցեցի: Նախկին տարիներին էլ կայացած համաժողովներին մասնակցել եմ, բայց այս անգամ նկատեցի՝ համաժողովն աշխարհագրական առումով ավելի է ընդլայնվել, որն էլ զգալի տեղաշարժ եմ համարում:
Սփյուռքի նախարարությունը գրագետ մտածված համաժողով էր կազմակերպել, կարծում եմ՝ նիստերի ընթացքում տեղի ունեցած ողջամիտ, կառուցողական քննարկումները, առաջադրված թեմաները Հայաստան-Սփյուռք փոխգործակցության զարգացման ճանապարհին հետագայում մեծ խթան են հանդիսանալու՝ ի շահ հայ ժողովրդի: Նախկինում էլ, իհարկե, համագործակցության առիթներ եղել են:
Մեր պարախմբերը մասնակցել են նախարարության կողմից իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և մյուս ծրագրերին:
Հետագայում ձգտելու ենք սերտացնել գործակցությունը նախարարության հետ:
-Պարո՛ն Քեշիշյան, ի՞նչն է Ձեզ առաջ մղում ազգանվեր այս աշխատանքները իրականացնելու համար:
–Որպես ազգային փոքրամասնություն, Իրանում հայապահպանության խնդիրը միշտ առաջնային է եղել մեզ համար: Մեր համայնքն էլ, Սփյուռքի հայաշունչ այն համայնքներից, է որտեղ միշտ թևածում է հայկական շունչն ու ոգին:
Հայաստանին սահմանամերձ լինելով՝ հոգեպես ավելի մոտ ենք զգացել մեր Հայրենիքին և խանդավառվել այդպիսի աշխատանքներ կատարելուն:
Ահա այս բոլոր հանգամանքներն էլ պարարտ հող նախապատրաստեցին՝ ազգանպաստ գործունեություն ծավալելու համար:
Զրուցեց Գևորգ Չիչյանը