ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց իրանահայ ազգային գործիչ Արշավիր Քեշիշյանին

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի Հայ ուսումնասիրաց «Չհարմահալ» միության կենտրոնական վարչության նախագահ Արշավիր Քեշիշյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց  իրանահայ երիտասարդների շուրջ Մայրենիի և ազգային ինքնության պահպանմանն ուղղված նրա ջանքերը, Իրանի հայ համայնքի զարգացման ուղղությամբ ծավալած ազգային-հասարակական գործունեությունը, միությունում մշակութային ծրագրերի ու միջոցառումների կազմակերպումը: Քննարկվեցին նաև համայնքային հիմնախնդիրներին առնչվող մի շարք այլ հարցեր:

Իրանահայ գործիչը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, վստահեցրեց, որ այսուհետև ավելի է սերտացվելու փոխգործակցությունը նախարարության հետ:  Նա նշեց նաև, որ սեպտեմբերի 18-ից 20-ը մասնակցել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որն, ըստ իրեն, շատ արդյունավետ է անցել:

Հանդիպման վերջում նախարարը հորդորեց, որ իրանահայ համայնքն ակտիվորեն մասնակցի առաջիկա՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, ինչպես նաև Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

 

 

Scroll Up