Համահայկական ֆլեշմոբ.խրոխտ քոչարին ոտքի կհանի հայ ժողովրդին

Հայաստանի համար 2018 թ. հոբելյանական տարի է. ազգովի նշելու ենք Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակները: Սփյուռքում բնակվող հայերը նույնպես անմասն չեն մնալու այս կարևոր իրադարձությունները նշելուց։ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայկական մշակույթի տունն օրինակ, մայիսի 26-ին հանդես է գալու լայնամասշտաբ   նախաձեռնությամբ՝ կազմակերպելով համահայկական «Արի՛, պարի՛ր քոչարի» խորագրով ֆլեշմոբը, որին կարող են մասնակցել անհատներ, ստեղծագործական կոլեկտիվներ, պարային համույթներ, մշակութային կենտրոններ, կրթօջախներ, զորամասեր:

Մտահղացման համաձայն՝ այդ օրը մեր հայրենակիցները պետք է իրենց բնակության քաղաքում քոչարի պարեն, տեսանկարահանեն պարն ու ուղարկեն կազմակերպիչներին։ Ավելի ուշ տեսանյութը հրապարակվելու է ֆլեշմոբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Ինչպես Հայերն այսօր-ին տեղեկացնում է Գրենոբլի հայկական մշակույթի տան հոգաբարձուների խորհրդի անդամ, նախաձեռնության հեղինակ Սիրանուշ Խաչատրյանը, նախագծի նպատակը Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայերին հաղթական քոչարի պարելու գաղափարի շուրջ համախմբելն է՝ ի նշան մեր հերոսական անցյալի և ազգային միասնականության:

Գրենոբլի հայերի նախաձեռնությանն աջակցում են ՀՀ սփյուռքի նախարարությունը և Լիոնի հյուպատոսարանը:

Հավելենք, որ նախագիծն առավել հանրահռչակելու նպատակով ստեղծվել են կայքէջ, ֆեյսբուքյան և թվիթերյան էջեր, պատրաստվել է գովազդային տեսահոլովակ:

 info@aripariqochari.com

www.facebook.com/aripariqochari/

 

Scroll Up